Թրամփի վարչակազմը նախատեսում է 67 տոկոսով նվազեցնել Հայաստանին տրամադրվող օգնությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Կոնգրեսի համար հրապարակել է 2018 ֆինանսական տարվա բյուջեի վերաբերյալ հանձնարարականները, որոնցով նախատեսվում են զգալի բյուջետային կրճատումներ: Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարի կայքը:

2018 թվականի համար առաջարկվող բյուջեի նախագիծը նախատեսում է ընդհանուր առմամբ 29 տոկոսի կրճատում և Եվրոպային ու Եվրասիային տրամադրվող օգնության 60 տոկոսի կրճատում:

Նշվում է, որ վարչակազմի բյուջեի համաձայն՝ Հայաստանին տրամադրվող օգնությունը կկրճատվի 67 տոկոսով՝ 2016 ֆինանսական տարվա համար նախատեսված 20,4 միլիոն դոլարից նվազելով 6,8 միլիոն դոլարի: Տարածաշրջանի մյուս հետխորհրդային պետությունների համեմատ՝ Վրաստանին, Ուկրաինային և Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, համապատասխանաբար, կկրճատվի 58, 70 և 90 տոկոսով:

Հայաստանի համար առաջարկվող գումարից 4 միլիոն դոլարը կհատկացվի Տնտեսական աջակցության և զարգացման հիմնադրամի, 1,5 միլիոն դոլարը՝ թմրանյութերի դեմ պայքարի և 700.000 դոլար՝ հակաահաբեկչական, ականազերծման և հարակից ծրագրերի շրջանակում:

Բյուջեն պահպանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռությունը և չի նախատեսում ո՛չ Հայաստանին, ո՛չ Ադրբեջանին ռազմական օգնություն, այնուամենայնիվ, նախատեսում է 600.000 դոլար՝ միջազգային ռազմական կրթության և ուսուցման համար:

«Համագումարը կշարունակի առաջ մղել առանցքային առաջնահերթություններն ի շահ հայ ժողովրդի և հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդման»,- նշել է համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

«Քանի որ ներկայիս վարչակազմը բոլոր ուղղություններով կրճատում է արտասահմանյան օգնությունը, մենք պետք է ապահովենք, որ Հայաստանն ունենա անհրաժեշտ ռեսուրսներ ներկայիս միգրացիոն ճգնաժամի, Թուրքիայի կողմից շրջափակման, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների հետևանքով առաջացած մարդասիրական կարիքները հոգալու համար»,- հավելել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում