Հռոմի պապը եւ Թրամփը քննարկել են Մերձավոր Արեւելքի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները

Հռոմի Ֆրանցիսկոս պապը եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը քննարկել են միջազգային հակամարտությունների, մասնավորապես, մերձավորարեւելյան տարածաշրջանի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 24-ին հայտնել է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ ամփոփելով Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարի եւ ԱՄՆ-ի նիախագահի միջեւ կայացած հանդիպման արդյունքները:

«Զրույցի ընթացքում կարծիքներ են փոխանակվել միջազգային օրակարգի մի շարք թեմաների եւ քաղաքական գործընթացի ու միջկրոնական երկխոսության միջոցով խաղաղության հաստատման ուղիների շուրջ: Ընդսմին առանձնակի ուշադրություն է դարձվել Մերձավոր Արեւելքի եւ քրիստոնեական համայնքների պաշտպանության թեմային»,-ասված է հաղորդագրության մեջ:

Զրույցի ընթացքում կողմերը նշել են Սուրբ Աթոռի եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունների բարձր մակարդակը, ինչպես նաեւ հավատի եւ խղճմտանքի ազատության պաշտպանության ընդհանուր ձգտումը:

«Վատիկանը եւ ԱՄՆ-ը հույս ունեն ամրապնդել համագործակցությունն այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը եւ գաղթականներին ցուցաբերվող օգնույթունը»,-նշվում է փաստաթղթում:

Թրամփի հետ Ֆրանցիսկոսի դեմ առ դեմ զրույցը շարունակվել է 30 րոպե: Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը բանակցություններ է վարել Վատիկանի պետական քարտուղար (կառավարության ղեկավար) Պիետրո Պարոլինի եւ պետությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալահերի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում