Հայաստանի գործատուների միությունը նշում է իր հիմնադրման 10-ամյակը

Հայաստանի գործատուների հանրապետական միությունը մայիսի 24-ին շնորհանդեսով և համաժողովով նշեց իր հիմնադրման 10-ամյակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության նախարարներ, պետական մարմինների ներկայացուցիչներ: Շնորհանդեսում տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ, այդ թվում սիրիահայ փախստականներ ներկայացրեցին իրենց ցուցանմուշները:

«Մեր միությունը հիմնադրվել է մոտ 120 անդամով, այսօր մենք ունենք 13 հազարից ավել անդամ: Դա նշանակում է, որ հետաքրքրությունը մեր միության նկատմամբ աճել է: Մենք համագործակցում են աշխարհի բոլոր երկրների հետ և այս տարի ստանձնել ենք Գործատուների միությունների համաշխարհային համակարգման խորհրդի նախագահությունը: Այս միջոցառման շրջնանակում տարբեր երկրներից ժամանել են գործատուների միության նախագահներ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը և հավելեց, որ կազմակերպվել է բիզնես համաժողով, որտեղ քննարկվելու են սոցիալ-տնտեսական մի շարք հարցեր:

ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կարևորեց միության կանաչ տնտեսության սկզբունքը:

«Շատ կարևոր է, որպեսզի կարողանանք աշխարհում ընդունված շատ սկզբունքներ իրականություն դարձնել: Շրջակա միջավայրը և բնական ռեսուրսները մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնաքարն են: Կանաչ տնտեսության սկզբունքը, որն ամրագրել է գործատուների միությունը, ողջունելի է, և նախարարությունը պատրաստ է այս ուղղությամբ համագործակցել միության հետ»,– ասաց Մինասյանը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանի խոսքով` նախարարությունը մշտապես համագործակցում է միության հետ, և այն նպատակները, որ միությունը ունի իր առջև, գտնվում են նաև Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության գերակա առաջնահերթությունների թվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում