Հայաստանը և Գերմանիան կզարգացնեն համագործակցությունն աստղաֆիզիկայի ոլորտում

ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանն ընդունել է Գերմանիայի Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարար Մարտինա Մյունխի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում աստղաֆիզիկայի զարգացմանը նվիրված միջազգային գիտաժողովին մասնակցելու նպատակով։

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հայ-գերմանական հարաբերություններում կրթագիտական համագործակցությունը կարևոր դերակատարություն ունի: «Շնորհակալ ենք Հայաստանի կրթության և գիտության ոլորտներում գերմանական կողմի ցուցաբերած աջակցության և համագործակցութ յան համար: Մեր կրթական համակարգում ներկայում կարևոր փոփոխություններ են տեղի ունենում, և այդ համատեքստում մենք բարձրագույն կրթության, նաև գիտության նոր մոդելի մշակման առջև ենք կանգնած: Այս առումով Գերմանիայի հետ համագործակցությունը շատ կարևոր է: Շնորհակալ ենք նաև Եվրոպական Միությանը՝ իր թիրախային համագործակցության համար»,-ընդգծել է Լևոն Մկրտչյանը՝ կարևորելով Հայաստանի անդամակցությունը «Հորիզոն 2020»-ի գիտական ծրագիրն և այդ շրջանակում համատեղ գիտական նախագծերի իրականացման հնարավորությունը։

Լևոն Մկրտչյանը հույս է հայտնել, որ առաջիկայում կամրապնդվեն ու կզարգանան հայ-գերմանական գիտական հարաբերությունները ոչ միայն աստղաֆիզիկայի, այլ նաև տարբեր ուղղություններով: Ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը՝ նախարարի պաշտոնակատարը շեշտել է, որ դրանք ուղղված են կրթության որակի բարձրացմանը կրթության բոլոր աստիճաններում, ինչպես նաև կրթություն-գիտություն, կրթություն-աշխատաշուկա կապի հնարավոր օպտիմալ մոդելի մշակմանը: Այդ առումով Լևոն Մկրտչյանը կարևորել է գերմանական փորձի ուսումնասիրությունը:

Բրանդենբուրգի երկրամասի գիտության, գիտահետազոտության և մշակույթի նախարարն, իր հերթին շնորհակալություն հայտնելով ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատարին ջերմ ընդունելության համար, նշել է, որ ուրախությամբ է ընդունել Հայաստան այցելելու հրավերը և շատ տպավորված է Բյուրականում անցկացվող աստղաֆիզիկայի և գեոհետազոտությունների խնդիրներին վերաբերվող գիտաժողովից: «Համաժողովն իսկապես արդյունավետ էր, մենք համոզվեցինք, թե աստղաֆիզիկայի ոլորտում որքան արդյունավետ են համագործակցում մեր երկու երկրների, կրթական, գիտական հաստատությունները: Համաժողովի արդյունքում պայմանավորվեցինք ամրապնդել և զարգացնել հետագա համագործակցությունը՝ մասնավորապես նպաստելով ուսանողների փոխանակումներին, կրթաթոշակների տրամադրմանը, գիտական շփումներին, այդ հարցում ակտիվացնելով Գերմանական Ակադեմիական Փոխանակման Ծառայության (DAAD ջանքերը»,- նշել է Մարտինա Մյունխը: Պատրաստակամություն հայտնելով համագործակցությունն ակտիվացնել նաև կրթության ոլորտում՝ նա շեշտել է. «Ի դեմս կրթության և գիտության՝ Դուք ղեկավարում եք Ձեր երկրի համար կարևորագույն ոլորտներ: Ես ևս եղել եմ կրթության նախարար և գիտեմ, որքան պատասխանատու է երիտ ասարդներին կրթելու հանձնառությունը, քանի որ այդ գործունեությունից մեծապես կախված է երկրների ապագան»:

Գերմանիայի Բրանդենբուրգ երկրամասի հետ համագործակցության սկիզբը դրվել է անցած տարվա մարտ ամսին` Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի Գերմանիա կատարած պաշտոնական այցի ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Բոլոնիայի գործընթացին, Եվրոպական կրթական տարածքի ընդհանրական խնդիրներին, միջդպրոցական կապերի ամրապնդմանը և հայ-գերմանական կրթական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում