Ոստիկանությունը վարորդներին կոչ է անում առավելագույն կարճ ժամանակում ավտոմեքենաները բերել պատշաճ վիճակի

Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է վարորդներին՝ ձեռնպահ մնալ առանց հատուկ թույլտվության վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով, ինչպես և լուսաթափանցելիության չափի խախտումով հողմապակիներով կահավորված ավտոմեքենաներով երթևեկելուց:

Ցավոք, դեռևս կան վարորդներ, որոնք անտեսում են այս պահանջը՝ ոչ միայն անհարմարավետություն ստեղծելով երթևեկության մասնակիցների համար, այլև ուղղակիորեն վտանգելով թե իրենց, թե ուրիշներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, ոստիկանությունը կրկին կոչ է անում վարորդներին առավելագույն կարճ ժամանակում վերացնել հիշյալ խախտումները՝ ավտոմեքենաները բերելով պատշաճ վիճակի:

«Հիշեք, որ բացառությունները միայն օրենքով նախատեսված դեպքերի համար են, իսկ վարորդը մեկն է երթևեկության բոլոր մասնակիցներից՝ անկախ իր սոցիալական վիճակից, դիրքից, պաշտոնից և որևէ առավելություն ու արտոնություն չունի մյուսների նկատմամբ:

Ճանապարհային ոստիկանության օրինական պահանջին չենթարկվող վարորդները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ»,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում