Ռուբեն Մելքոնյանը վաղ է համարում Արամ Աթեշյանին լիովին հրաժեշտ տալու մասին խոսելը
Նմանատիպ
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդի պաշտոնից Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հրաժարականը Մայր Աթոռի ու Գերագույն հոգևոր խորհրդի, Թուրքիայում հայ համայնքի պահանջների տրամաբանական շարունակությունը չէ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:
«Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը երեկ հայտարարեց, որ պատրաստվում է ընդունել նոր ընտրված տեղապահին, նրան փոխանցել իշխանությունը, ընդ որում, ընդունել արարողակարգով: Դա կարող էր անել ավելի վաղ և որևէ տրամաբանական բացատրություն չկա, թե ինչու այսքան երկարեց գործընթացը: Եթե նայում ենք Աթեշյանի քայլերին, ապա ակնհայտ է դառնում, որ նա առաջնորդվում է ոչ թե եկեղեցական շահով, ոչ թե Մայր Աթոռ Սուրբ էջմիածնից եկած, այլ թուրքական իշխանության տարբեր օղակներից եկած հրահանգով: Ինչպես ենթարկվելով այդ նույն հրահանգին նա համառորեն մնում էր կառչած պատրիարք ի փոխանորդի աթոռին, այնպես էլ կրկին այդ նույն եկած հրահանգով` ստիպված եղավ հրաժարական տալ»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Թուրքագետը նշեց, որ այս տարիներին Արամ Աթեշյանի գործողությունները համայնքը, Պոլսո աթոռը հասցրել են այնպիսի ծայրահեղ վիճակի, որ դրանից դուրս գալը դեռ երկար ժամանակ է պահանջելու: Ռուբեն Մելքոնյանի կարծիքով, Արամ Աթեշյանը, անկախ ամեն ինչից, եկեղեցական պատմության մեջ հիշվելու է առավելապես բացասական շեշտադրումներով, քանի որ այս տարիների պաշտոնավարումը չլուծեց համայնքի որևէ խնդիր, էլ ավելի խորացրեց եղած խնդիրներն ու անջրպետ ստեղծեց:
Թուրքագետը նշեց, որ թուրքական իշխանությունների համար հասկանալի դարձավ, որ Արամ Աթեշյանը որևէ իշխանություն չի վայելում ոչ համայնքում, ոչ եկեղեցում, ոչ Հայաստանում, ոչ Սփյուռքում: Չնայած նա հավատարիմ է թուրքական իշխանություններին, բայց նման անձի ծառայություններից օգտվելը, ըստ թուրքագետի, թերևս, այդ պահին պետքական չէ թուրքական իշխանություններին: Արամ Աթեշյանը որևէ լծակ, ազդեցիկություն, հեղինակություն չունի, որի շնորհիվ կկարողանա օգուտ բերել թուրքական իշխանություններին: Ամեն դեպքում Ռուբեն Մելքոնյանը վաղ է համարում Աթեշյանին լիովին հրաժեշտ տալու մասին խոսելը, քանի որ նա Պոլսո Աթոռի երեք եպիսկոպոսներից մեկն է, և բնական է, որ շարունակելու է իր ներկայությունն այդ համայնքում, պատրիարքությունում: Ավելին` համապատասխան հրահանգի դեպքում կրկին մտնելու է այդ գործընթացի մեջ՝ իրականացնելու այն ապակառուցողական խնդիրները, որոնք կդրվեն նրա առաջ:
«Բավարարվենք նրանով, որ Արամ Աթեշյանն ի վերջո իր մեջ ուժ գտավ և, ենթարկվելով հրահանգներին, հրաժարական տվեց: Հուսանք, որ նրա հրաժարականը սկիզբ կդնի ի վերջո պատրիարքի ընտրության գործընթացին, որի իրականացման համար տեղապահ Բեքչյանը կունենա բոլոր լիազորություններն օր առաջ լուծելու ստեղծված խնդիրը»,-ասաց Մելքոնյանը:
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 24-ին հրաժարական է տվել: Հրաժարականի մասին Աթեշյանը հայտարարել է պատրիարքարանում հրավիրած հանդիպման ժամանակ:
Պոլսո Հայոց պատրիարքարանում մարտի 15-ին գումարված հոգևորականների ժողովը պատրիարքական տեղապահ էր ընտրել Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին: Աթեշյանը, սակայն, ընտրությունների արդյունքների հրապարակումից անմիջապես հետո ներկայացրել էր նահանգապետարանից ստացված գրությունը, որն իրավաբանորեն անհնար է համարում պատրիարքական ընտրությունների գործընթացի մեկնարկը: Նա հրաժարվել էր հեռանալ պատրիարքական փոխանորդի պաշտոնից՝ ասելով, որ թուրքական իշխանություններն իբրև պատրիարքարանի պաշտոնական ներկայացուցիչ միայն իր են են ճանաչում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում