Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինը կոռուպցիայի դեմ պայքարում կգործի ավելի արդյունավետ

Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի ստեղծումը թույլ կտա ամենօրյա ռեժիմով ավելի արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և էթիկայի հանձնաժողովի հիմքի վրա ստեղծվում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որը իր էությամբ աննախադեպ է լինելու: Դա առանձին պետական մարմին է, որը զբաղվելու է կոռուպցիայի կանխարգելման հարցերով: Մարմինը ունենալու է 5 անդամ, ովքեր մինչև 2018 թվականը նշանակվելու են նախագահի կողմից, այնուհետև՝ Ազգային ժողովի»,-ընդգծեց նախարարի տեղակալը:

Նա նշեց, որ կոռուպցիայի կանխարգելման գործիք է հանդիսանալու նաև «Ազդարարների պաշտպանության մասին» օրենքը, որը նույնպես ընդունվել է ՀՀ կառավարության կողմից: «Այս օրենքը կապահովի կոռուպցիոն դեպքի մասին ազդարարած անձանց պաշտպանությունը»,- նշեց Քրմոյանը:

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանը մայիսի 25-ին կառավարության նիստի հաստատմանն է ներկայացրել «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:

ՀՀ Նախագահի` 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ինստիտուցիոնալ համակարգի բարեփոխումների ապահովման աշխատանքային խումբ ստեղծելու մասին» ՆԿ-262-Ա կարգադրության համաձայն ստեղծվել էր աշխատանքային խումբ, որի գործունեության արդյունքում էլ մշակվել է տվյալ օրենսդրական փաթեթը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա նախատեսվում է ստեղծել Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմին, որն իրականացնելու է կոռուպցիայի կանխարգելման, այդ թվում՝ էթիկայի, շահերի բախման, անհամատեղելիության պահանջների, բարձրաստիճան պաշտոնատար անձի և հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումների պահպանմանը, ակտիվների, եկամուտների և շահերի հայտարարագրման համակարգերի կենսագործմանը, կրթական, հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված գործառույթներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում