ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դատապարտել է Էրդողանի թիկնազորի գործողությունները

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է թիվ 354 բանաձևը, որով դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար: Բանաձևի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին ՄըքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) և դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ): Ամենայն հավանականությամբ, բանաձևը ներկայացուցիչների պալատում քվեարկության կդրվի հունիսի սկզբին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նշել է, որ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից նշված բանաձևի միաձայն ընդունումը հանդիսանում Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ դաժանության բրենդն ԱՄՆ արտահանելու փորձերի է երկկուսակցական հզոր դատապարտում: «Կոնգրեսը և նախագահ Թրամփի վարչակազմը պետք է կոշտ ուղերձ հղեն տեղի ունեցածին»,- ասել է Համբարյանը:

Ընդունված բանաձևի տեքստում նշված է. «Ժամեր շարունակ տևած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնություն ծագեց, երբ Էրդողանի կողմնակիցները և Թուրքիայի դեսպանատնից անձինք մի կողմ հրեցին Վաշինգտոնի ոստիկաններին՝ դաժան հարձակման ենթարկելու ցուցարարներին»: Բանաձևում խորին մտահոգություն է արտահայտվում առ այն, որ թուրք պաշտոնյաները բացահայտորեն ոտնահարել են ԱՄՆ Սահմանադրության Առաջին լրացմամբ ամրագրված Միացյալ Նահանգների քաղաքացիների իրավունքները, և բազմաթիվ զինված թուրք անվտանգության աշխատակիցներ ծեծել, ոտքերով հարվածել ու խեղդել ե ն անզեն ցուցարարներին: Բացի այդ, ինչպես ասված է բանաձևում, Վաշինգտոնի կենտրոնական ոստիկանական բաժանմունքի և այլոց հաղորդագրություններում հաստատվում է, որ «ցուցարարները չեն հրահրել բռնությունը», և սա ԱՄՆ-ում բռնության երրորդ դեպքն է, որ իրագործվել է Թուրքիայի նախագահ Էրդողանի անվտանգության ծառայախմբի անդամների կողմից: Բանաձևում կոչ է արվում. «Ցանկացած թուրք անվտանգության աշխատակից, ով ուղղորդել, ղեկավարել կամ մասնակցել է ս.թ. մայիսի 16-ին թուրքական անվտանգության ուժերի կողմից խաղաղ ցույցի ապօրինի ճնշման գործողությանը, պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի, և դատական գործ հարուցվի նրանց դեմ Միացյալ Նահանգների օրենսդրության համաձայն»: Խիստ դեմ արտահայտվելով Թուրքիայում ռեպրեսիվ ավտորիտարիզմի աճող միտմանը՝ բանաձևում շեշտվում է, որ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի՝ ամրապնդելու մամուլի և քաղաքացիական հասարակության ազատությունները երկրներում, ինչպես, օրինակ Թուրքիայում, և պայքարի օտարերկրյա առաջնորդների՝ ազատ և խաղաղ բողոքի ցույցերն իրենց երկրներում ճնշելու ջանքերի դեմ:

Մի քանի տասնյակ կոնգրեսական ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին ուղղված երկկուսակցական նամակ են ստորագրել՝ վերջինիս կոչ անելով հրապարակավ դատապարտել այս գործողությունները և որ նույնքան կարևոր է՝ ապահովել, որ այդ մարդիկ լիակատար պատասխանատվության ենթարկվեն իրենց գործողությունների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում