Սպիտակ տունը ներկայացրել է Թրամփի և Մակրոնի հանդիպման մանրամասները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին առնչվող հարցեր և պայմանավորվել ամրապնդել դաշնակցային հարաբերությունները պաշտոնական Վաշինգտոնի և Փարիզի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես »-ը, այդ մասին տեղեկացրել է Սպիտակ տունը:

«Առաջնորդներն ընդգծել են, որ խիստ կարևոր է ջախջախել ԻՊ-ին Իրաքում և Սիրիայում: Նախագահ Թրամփը քննարկել է վերջերս Սաուդյան Արաբիա և Իսրայել ունեցած իր այցերը ու Մերձավոր Արևելքում խաղաղության հույս հայտնել: Երկու նախագահները հաստատել են, որ կպաշտպանեն ու կկառուցեն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առանց այն էլ ամուր միությունը»,- ասված է հայտարարության մեջ:

Նաև Թրամփը Մակրոնին կոչ է արել, որպեսզի Ֆրանսիան ՆԱՏՕ-ի շրջանակում կատարի իր ֆինանսական պարտավորությունները և հասնի նրան, որպեսզի դաշինքը կենտրոնանա ահաբեկչության դեմ պայքարի վրա: Թրամփը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիային Աֆրիկայում հակաահաբեկչական օպերացիաներին մասնակցելու համար:

Թրամփը և Մակրոնը հանդիպել են Բրյուսելում՝ ԱՄՆ դեսպանատանը կայացած ճաշի ընթացքում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում