Դավիթ Տոնոյանը մասնակցել է ՄԱԿ-ի Գլոբալ Պլատֆորմին

ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը մայիսի 24-ին մասնակցել է Մեքսիկայի Կանկուն քաղաքում մեկնարկած ՄԱԿ-ի աղետների ռիսկի նվազեցման 2017 թ. Գլոբալ պլատֆորմին: Միջոցառումը կազմակերպել են Մեքսիկայի կառավարությունը և ՄԱԿ-ի ԱՌՆ գրասենյակը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել կառավարություններին, ՀԿ-ներին, գիտնական-փորձագետներին, ինչպես նաև` ՄԱԿ-ի կազմակերպություններին կատարել փորձի փոխանակում և մշակել ռազմավարական ուղեցույց՝ ԱՌՆ գլոբալ համաձայնագրերի (Հյոգոյի և Սենդայի գործողությունների ծրագրեր) կյանքի կոչման համար:

Գլոբալ պլատֆորմին մասնակցում է աշխարհի 176 երկրից ժամանած շուրջ 5000 ներկայացուցիչ, այդ թվում՝ պետությունների ղեկավարներ, նախարարներ, կառավարությունների անդամներ, ականավոր փորձագետներ, գիտնականներ և այլոք:

Պլաֆորմին ընդառաջ և դրա շրջանակներում կազմակերպվում է շուրջ 100 աշխատաժողով և թեմատիկ քննարկում՝ տարբեր երկրների քաղաքական ղեկավարների, նախարարների, գիտնականների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:

ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի համանախագահությամբ անցկացվել է «Տարբեր սպառնալիքների դեմ վաղ ազդարարման համակարգերի և աղետների ռիսկի տեղեկատվության մատչելիությունը և հասանելիությունը» թեմայով հատուկ նստաշրջանը: Սա կարևոր է, քանզի արդյունավետ տեղակայված վաղ ազդարարման համակարգերը կարող են ոչ միայն մեծապես նպաստել մարդկային կյանքերի փրկությանը, այլև՝ նրանց կենսապահովմանը և բարեկեցությանը:

Հատուկ նստաշրջանի հիմնական առաքելությունն էր.

-երկրների և միջազգային կազմակերպությունների ներդրումների արդյունավետ ուղղորդումը.

-երկրներում վաղ ազդարարաման համակարգերի կիրառման առաջընթացը գնահատող մեթոդաբանության ներկայացումը.

-փորձի և տեղեկության փոխանակումը, ինչպես նաև վաղ ազդարարման համակարգերի հաջողված փորձի տարածման խթանումը:

Ողջունելով մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով Մեքսիկայի կառավարությանը՝ ջերմ ընդունելության համար, նախարար Դ. Տոնոյանը նշել է, որ մերօրյա տեխնիկական առաջընթացը հնարավորություն է տալիս մարդկությանը ոչ միայն հասկանալու, թե ինչ է կատարվում այսօր, այլև՝ ապագայում: Աղետների ռիսկերի արդյունավետ կառավարման համար նախարարն առաջարկել է կենտրոնանալ 3 հիմնահարցի ուղղությամբ.

-ինչպես վաղ ազդարարումը դարձնել առավել արդյունավետ՝ առկա խոչընդոտների և մարտահրավերների առումով.

-ինչպես ապահովել վաղ ազդարարման հասանելիությունը բոլորին

-ինչպես խթանել վաղ ազդարարման համակարգում ներդրումներին և համագործակցությանը:

Իր խոսքում նախարար Դ. Տոնոյանը նշել է. «Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել վաղ ազդարարման կաևորությունը՝ կայուն զարգացման համար: Այսօրվա հրամայականն է՝ ստեղծել արդյունավետ համակարգ, որը հասանելի կլինի բոլորին: Այս առումով անհնար է թերագնահատել Գլոբալ Պլատֆորմի առաքելությունը՝ բոլոր դերակատարների ջանքերը միավորելու և դիմակայուն մոլորակ կառուցելու մեր տեսլականը ձևավորելու գործում»:

Նստաշրջանից հետո՝ Գլոբալ Պլատաֆորմի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա էր նաև Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն, նախարար Դ. Տոնոյանը ՀՀ կառավարության անունից հանդես է եկել ազգային զեկույցով:

Նախարարը ներկայացրել է Հայաստանի՝ աղետներին պատրաստվածության և արձագանքման ազգային կարողությունների զարգացումը՝ խոսելով ՀՀ Աղետների ռիսկի կառավարման ազգային նոր ռազմավարության, համայնքային զարգացման համար աղետների ռիսկի բազմաշերտ մոդելավորման մոտեցումների, կրթական համակարգի դիմակայունության բարձրացմանն ուղղված հանրակրթական դպրոցների ԱՌՆ պլանների մասին:

Գլոբալ Պլատֆորմը սկսել է անցկացվել 2006 թվականից և համարվում է միջազգային շահառուների գլխավոր հավաքը՝ միտված նվազեցնել աղետների ռիսկերը և կառուցել դիմակայուն համայնքներ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում