Հայաստանը մտադիր է Երերույքի տաճարը ներկայացնել ՅՈՒՆԵՍԿՕ

Հայաստանի մշակույթի նախարարությունը նպատակ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի նյութական մշակութային ժառանգության ցուցակում ներկայացնել Երերույքի տաճարը: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը՝ տեղեկացնելով, որ ցանկություն կա ներկայացնելու նաև Դվինը, որը ևս շատ կարևոր արժե ք է համաշխարհային նյութական մշակույթի ժառանգության մեջ ներառվելու համար: «Ցանկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Հաղպատի վանքի եւ Սանահինի վանական համալիրի հայտում ավելացնել նաև Սանահինի կամուրջը: Սակայն դա երկար գործընթաց է և կարող է տարիներ տևել»,-նկատեց փոխնախարարը:

Խոսելով Երևանում գտնվող իրանական Կապույտ մզկիթի մասին՝ նա ասաց, որ նախարարությունը մի քանի ամիս է այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառելու հարցի շուրջ բանակցում է իրանական կողմի հետ, սակայն դեռ հստակ պայմանավորվածություն ձեռք չի բերել: Դեռևս անցյալ դարի 90-ական թվականներին հայկական և իրանական կողմերը կնքել են առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության համաձայնագիր, ավելի ուշ` փոխըմբռնման հուշագիր, որոնց հիման վրա «Կապույտ մզկիթը» մինչև 1998 թվականը մասնակիորեն վերականգնվել ու նորոգվել է և որպես Իրանի մշակութային կենտրոն օգտագործման հանձնվել ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությանը:

Փոխնախարարն անդրադարձավ նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգությանը: «Յուրաքանչյուր երկիր երկու տարին մեկ ՅՈՒՆԵՍԿՕ հայտ ներկայացնելու իրավունք ունի: Այս տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցուցակում «Քոչարին» ընդգրկելը մեր օրակարգում է»,-նշեց Սամուելյանը:

ՅՈւՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն ներառված են Հայաստանի ներկայացրած չորս մշակութային արժեքներ՝ «Դուդուկն ու դրա երաժշտությունը», «Խաչքարի արվեստ. խորհուրդն ու խաչքարագործությունը», «Սասնա ծռեր» կամ «Սասունցի Դավիթ» էպոսը, «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսեւորումները Հայաստանում»:

Սամուելյանի խոսքով՝ նյութական և ոչ նյութական մշակութային ժառանգությունը, որը ներկայացվում է ՅՈՒՆԵՍԿՕ, հատուկ չափանիշների պետք է համապատասխանի: «Գիտնականներ, տարբեր ոլորտների մասնագետներ են աշխատում դրանք ընտրելիս: Ընդգծեմ, որ չափանիշները փոփոխվում են»,-ասաց նա:

Երերույքի տաճարը Շիրակի մարզի Անիպեմզա գյուղի արևելյան եզրին է՝ ոչ մեծ բարձունքի վրա: Երերույքը (Երերուաց) պատմական Շիրակ գավառի գյուղերից է, որի անունով էլ հայտնի է տաճարը: X դ. արձանագրության համաձայն (վերծանումը` Ն. Մառի) կոչվել է Ս. Կարապետի վկայարան: Ուշ միջնադարում դարձել է վանք-եկեղեցի` Ս. Երրորդություն անունով: Հուշարձանը ոչ միայն հայկական դասական ճարտարապետության, այլև քրիստոնեական վաղ շրջանի կառուցողական արվեստի նվաճումներից է: Տաճարը V-VI դդ. եռանավ բազիլիկ է` արտաքին կամարակապ սրահներով, եզերված բազմաստիճան գետնախար իսխով: Կառուցված է Անիի բաց նարնջագույն տուֆից: Հիմնադրվել է ավելի վաղ, որպես հեթանոսական մեհյան: Ճարտարապետական հարդարանքը զուսպ ու նրբագեղ է: Քանդակները կատարված են ոչ մեծ խորությամբ: Գեղարվեստորեն են մշակված արևմտյան` մեկ և հարավային զույգ շքամուտքերը, միակտուր բարավորները, լուսամուտները, բեկվածքավոր և ատամնաշար քիվերը, խոյակները, որմնամույթերի խարիսխները: Պահպանվել են որմնանկարչության հետքեր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում