Գնդակը Թուրքիայի դաշտում է. ԵՄ ներկայացուցիչները դրական քայլեր են ակնկալում թուրքական կողմից

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի, այնուհետև նաև Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանիի հետ հանդիպումների ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան շարունակում է նպատակ ունենալ անդամակցել Եվրամիությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գերմանական Deustche Welle -ին ասել են ԵՄ պաշտոնյաները:

Լրատվամիջոցի հետ զրույցում ԵՄ աղբյուրները հայտնել են, որ Էրդողանը մի քանի անգամ շեշտել է, որ Թուրքիան չի հրաժարվել Եվրամիությունից:

ԵՄ ղեկավարները Թուրքիայի նախագահի հետ հանդիպումների ժամանակ նրան հայտնել են իրենց մտահոգությունը մարդու իրավունքների ոտնահարումների, դատական անկախությունը խախտելու, մամուլի ազատությունը սահմանափակելու, ինչպես նաև մահապատժի վերականգնման մասին քննարկումների առնչությամբ: ԵՄ ներկայացուցիչներն ընդգծել են, որ Թուրքիա-ԵՄ հարաբերություններում առկա լարվածության հաղթահարումը կապված է առաջիկայում թուրքական կողմի քայլերից:

Եվրոպացի գործիչները հայտնել են, որ պատրաստ են Թուրքիայի հետ երկխոսության նոր փուլի մեջ մտնել՝ նշելով. «Գնդակը Թուրքիայի դաշտում է: Նախ և առաջ սպասելու ենք, որ քայլեր ձեռնարկվեն հիմնարար իրավունքների, մամուլի ազատության հարցերում»:

ԵԽ նախագահ Անտոնիո Տայանին հանդիպումից հետո գրառում էր կատարել թվիթերյան միկրոբլոգում՝ նշելով. «Էրդողանի հետ դրական ու կառուցողական հանդիպում ունեցանք: Այժմ Էրդողանից մահապատժի վերականգնման ու մամուլի ազատության հարցերով դրական ազդանշանի ենք սպասում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում