ՄԻՊ-ին հասցեագրված բողոքի քննարկման ընթացակարգի արդյունքում դադարեցվել է քրեական հետապնդումը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բողոք է ստացել այն մասին, որ արտերկրում գտնվող ազգությամբ հայ քաղաքացուն իրավասու պետական մարմինները մերժել են տրամադրել գտնվելու վայրի պետությանքաղաքացիություն՝ այն պատճառաբանությամբ, որ անձն ունի ՀՀ քաղաքացիություն և ժամկետայինզինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու համար նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Այս մասին տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից:

Բողոքի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության, ինչպես նաև Ոստիկանության և ՀՀ գլխավոր դատախազության հետ իրականացվել է համատեղ աշխատանք:

Քննարկման արդյունքում պարզվել է, որ դիմումատուին ՀՀ քաղաքացի համարելու հիմքերը բացակայում են:

Ձեռք բերված տեղեկություններն ամփոփվել և ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու նպատակով:

Արդյունքում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու հատկանիշներով հարուցված քրեական գործով վարույթը կարճվել է, իսկ դիմումատուի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը, հանցակազմի բացակայության հիմքով, դադարեցվել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում