Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է

Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հետաքննությունն ավարտվել է: Այս մասին ադրբեջանական Trend-ին հայտնել է նրա փաստաբան Էդուարդ Չերնինը:

Նրա խոսքով՝ մայիսի 30-ին բլոգերին կներկայացվեն գործի նյութերը, այնուհետև դրանք կներկայացվեն դատարանի ուսումնասիրմանը:

Չերնինը մայիսի 26-ին քննչական մեկուսարանի բուժկետում հանդիպել է իր պաշտպանյալի հետ: Փաստաբանի համոզմամբ՝ Լապշինի բուժումը շարունակվում է, նա իրեն լավ է զգում:

Լապշինի կինը՝ Եկատերինան, պարբերաբար իր մտահոգություններն է հայտնել ամուսնու առողջական վիճակի մասին՝ ընդգծելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են տարածում՝ ասելով, թե նա իրեն նորմալ է զգում: Եկատերինան հայտնել է, որ բանտարկվելուց հետո Լապշինի մոտ սկսվել է տախիկարդիա և նյարդացավ: Բացի այդ, նա ցավեր ունի գոտկատեղի հատվածում և ոտքում, ինչի հետևանքով դժվարությամբ է տեղաշարժվում: Եկատերինան ահազանգել է, որ նման առողջական վիճակ ունեցող մարդուն պետք է լուրջ բուժզննման ուղարկել հիվանդանոց, այլ ոչ թե բուժել մեկուսարանի բուժկետում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում