«Դուք պատասխանատու եք այս երկրի համար». Լևոն Մկրտչյան

Երևանի Մանուել Քաջունու անվան թիվ 54 ավագ դպրոցը դեպի նոր կյանք ճանապարհեց իր հաստատության հերթական շրջանավարտներին։

Դպրոցի «Վերջին դաս» ավարտական միջոցառմանը ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը։

«Շատ հուզիչ օր է, բազմիցս մասնակցել եմ վերջին զանգի նմանատիպ միջոցառումների և՛ որպես ծնող, և՛ ի պաշտոնե։ Մենք ձեզ, որպես նոր եկող սերնդի, փոխանցում ենք անկախ Հայաստան, ազատագրված Արցախ, մեր հայկական կենսագործունեության նկատմամբ հպարտության զգացում։ Դուք պետք է վերցնեք այդ «դրոշը» և առաջ տանեք մեր երկրի համար։ Ամենակարևորն է, որ դուք հստակ համոզմունք ունենաք, որ պատասխանատու եք այս երկրի համար»,- ընդգծեց ԿԳ նախարարի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ այս օրն իր մեջ ամփոփում է մի սերնդի մուտքը դեպի նոր ու հասուն կյանք։ Նա ցանկացավ, որպեսզի շրջանավարտներն ապրեն, ստեղծագործեն ազատ և ուժեղ Հայաստանում։

«Ես ավարտել եմ Եղիշե Չարենցի անվան դպրոցը, և իմ վերջին զանգը ամենաանմոռանալի օրերից մեկն էր։ Ես մինչ այժմ կապ եմ պաշտպանում իմ համադասարանցիների հետ, ովքեր հիմա իմ ամենամոտ ընկերներն են։ Ես համալսարանի պատմության ֆակուլտետում եմ սովորել, գերազանցիկ էի, իսկ դպրոցում լավ եմ սովորել, բայց բնագիտական առարկաներից մի փոքր թույլ եմ եղել»,- ասաց Լևոն Մկրտչյանը։

Դպրոցի տնօրեն Էթերի Պետրոսյանը, ով արդեն 38 տարի աշխատում է այդ հաստատությունում, դիմելով շրջանավարտներին՝ մաղթեց նրանց նորանոր հաջողություններ։

«Ես մաղթում եմ ձեզ ոչ միայն հաջողություն, այլ նաև պատվիրում եմ հզորացնել, շենացնել Հայաստանը, և կոչ եմ անում արժանի զինվոր լինել մեր երկրի համար»,- շեշտեց Էթերի Պետրոսյանը։

Հայաստանի 1400 ուսումնական հաստատություններում մեկնարկել են վերջին զանգի տոնական միջոցառումները: 2016-2017 ուսումնական տարում հանրապետության դպրոցների 12-րդ դասարանը մայիսի 26-ին կավարտեն 19 հազար 618 աշակերտ: Վերջին դասի միջոցառումներ կանցկացվեն նաև 9-րդ դասարանի 29 հազար 642 շրջանավարտների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում