Մարսելում հրդեհի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են մահացել

Ֆրանսիայի Մարսել քաղաքի շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 4 մարդ է մահացել, որից 3-ը եղել են ՀՀ քաղաքացիներ, այս մասին Tert.am-ին ասել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:

Ըստ նրա՝ հրդեհի հետևանքով զոհվել է Քոչարյանների ընտանիքի 3 անդամ, իսկ ընտանիքի հայրը՝ Արսեն Քոչարյանը, այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հրդեհը բազմահարկ շենքում բռնկվել է ժամը 03.00-ի սահմաններում։ Ավելի քան 20 բնակիչ է տարհանվել։

Մարսելի դատախազ Քսավիե Տարաբոն հայտարարել է, որ տեղում չորս մարդ է հայտնաբերվել՝ մահացած։ Նրանցից մեկը երեխա է՝ երկու տարեկան, մեկը նրա մորաքույրն է՝ 25 տարեկան և տատիկը՝ 51 տարեկան, ինչպես նաև 38-ամյա մի կին։

«Մենք առայժմ չգիտենք, թե կոնկրետ ինչն է եղել հրդեհի պատճառը։ Հետաքննություն է իրականացվում»,– ասել է դատախազը։

Մարսելի քաղաքապետ Ժան–Կլոդ Գոդենն արձագանքել է միջադեպին՝ ասելով, որ «խորապես տխրել է» իմանալով դեպքի մասին։ Նա նաև ցավակցել է զոհերի և տուժածների ընտանիքներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում