Էրդողանին կարող են արգելել ԱՄՆ այցելել. Ամերիկայի ձայն

«Ձեզ նման մարդիկ ԱՄՆ-ում այլևս անելիք չունեն, դուք ձեր ժողովրդին չեք ներկայացնում». Թուրքիայի նախագահին ուղղված այս խոսքերով է ԱՄՆ Կոնգրեսի լսումները բացել կոնգրեսական Դեյնա Ռորաբահերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Ամերիկայի ձայնը:

Լսումների ընթացքում Միացյալ Նահանգների օրենսդիրները քննարկել են մայիսի 16-ին Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանի նստավայրի առջև տեղի ունեցած հանցագործությունը, որի ընթացքում կոնգրեսականների կարծիքով, Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության աշխատակիցները հարձակվել էին ամերիկացի խաղաղ ցուցարարների վրա:

«Մենք չենք ցանկանում խոսել մի մարդու հետ, ով փորձում է ստեղծել իսլամաֆաշիզմ սեփական երկրում, և դառնալ գլխավոր ֆաշիստ: Նա թշնամին է այն ամենի, ինչին սատարում մենք ենք, ավելին` նա սեփական ժողովրդի թշնամին»,-ասել է Դեյնա Ռորաբահերը: Կոնգրեսականի կոչը միանշանակ էր, Էրդողանն այլևս երբեք չպետք է ԱՄՆ հրավիրվի:

Կոնգրեսականները ընդգծել են, որ Էրդողանի հրամանով թուրքական անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներն Ամերիկայի տարածքում խախտել են ամերիկյան ժողովրդի սահմանադրական իրավունքները: Կոնգրեսական Բրեդ Շերմանը նշել է, որ տեղի ունեցածը ԱՄՆ-ի ինքնիշխանության դեմ հարձակում է: «Մինչև չստանանք անձամբ Էրդողանից պաշտոնական ներողություն, նույնիսկ չպետք է քննարկել Թուրքիայի հետ նրան հուզող խնդիրները»,-ասել է Բրեդ Շերմանը:

ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը նշել էր, որ թուրքական անվտանգության աշխատակիցները ստիպված էին միջամտել Էրդողանի անվտանգությունը պաշտպանելու համար: Արձագանքելով դրան` կոնգրեսական Բրեդ Շերմանն ասել է, որ դեսպանի ասածը սուտ է, որովհետև տեսագրության մեջ պարզ երևում է Էրդողանին վտանգ չէր սպառնում հեռավոր տարածքում հավաքված շուրջ 10 ցուցարարներից:

«Դեսպանի հայտարարությունը սուտ է և նա փորձում է կոծկել ֆիզիկական ագրեսիան: Նա պետք է անհապաղ դուրս հրավիրվի մեր երկրից»,-ավելացրել է կոնգրեսականը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն էլ նշել է, որ հարձակումը սկսվել է անսպասելի, կարծես, հրամանով: «Երբ ոստիկաները ասում էին՝ կանգ առնել, նրանք ուղղակի անտեսում էին այդ հրահանգը, մի բան, որ ես երբեք չէի տեսել ամերիկյան տարածքում»,-ավելացրել է նա:

Կոնգրեսականները նշել են, որ ԱՄՆ-ի պատասխանը պետք է լինի կոշտ և միանշանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում