Տաորմինայում մեկնարկել է G7-ի թվով 43-րդ գագաթնաժողովը

Իտալիայի Սիցիլիա կղզում աշխատանքն է սկսել Յոթի խմբի հերթական՝ թվով 43-րդ գագաթնաժողովը: Մոլորակի առավել զարգացած յոթ արդյունաբերական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի ղեկավարների հանդիպումն ավանդաբար բացվել է հանդիսավոր պայմաններում ընդհանուր լուսանկարմամբ՝ Տաորմինա քաղաքի մ.թ.ա. 3-րդ դարի հունական թատրոնի անտիկ սյունաշարերի ֆոնին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Մայիսի 26-ին պլանավորված լիագումար նստաշրջանները նվիրված կլինեն քաղաքականության եւ անվտանգության հիմնախնդիրներին: Մանչեսթրում կատարված ահաբեկչությունից հետո գագաթնաժողովի օրակարգում առաջին պլան է մղվել ահաբեկչության դեմ պայքարի թեման եւ, ինչպես նախօրյակին հայտարարել է Իտալիայի վարչապետ Պաոլո Ջենտիլոնին, ամփոփիչ հռչակագրում պլանավորվում է առանձին հատուկ հայտարարություն ներառել ահաբեկչությանը եւ ծայրահեղականությանը հակազդելու միջոցառումների խստացման վերաբերյալ:

Ջենտիլոնին նաեւ ասել է, որ «քննարկումները դյուրին չեն լինելու»: Ինչպես նշում են դիտորդները, ամենայն հավանականությամբ, չի հաջողվի հաղթահարել տարակարծություններն այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են՝ ազատ ապրանքափոխանակությունը եւ կլիմայական փոփոխությունները, որոնց շուրջ, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ «յոթնյակի» նորեկը, համամիտ չէ գործընկերների մոտեցումներին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում