Հայաստանն ու USAID-ն կխորացնեն համագործակցությունը արտակարգ իրավիճակների ոլորտում

Գլոբալ պլատֆորմի շրջանակում Մեքսիկա կատարած աշխատանքային այցի ավարտին՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի պատվիրակության ղեկավար, վարչապետի վարչակազմում Իտալիայի բնակչության պաշտպանության ազգային վարչության պետ Ֆաբրիցիո Կուրցիոյի հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից, հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնակչության պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման հնարավորությունները: Մասնավորապես, պայմանավորվածություն է ձեռք բերվել վերանայել Հայաստանի և Իտալիայի միջև գործող փոխըմբռնման հուշագիրը, համատեղ աշխատանքներ իրականացնել ԱՌՆ ռեգիոնալ պլատֆորմում, ինչպես նաև՝ սկսել երկու երկրների ազգային կարմիր խաչի ընկերությունների միջև համագործակցության ակտիվացմանն ուղղված աշխատանքները: Աշխատանքային այցի վերջին օրը Դավիթ Տոնոյանը հանդիպել է նաև ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) ներկայացուցիչների հետ: Կողմերը քննարկել են համագործակցության ակտիվացման հնարավոր ուղղությունները, ինչպես նաև՝ նահանգային համագործակցության շրջանակներում Կանզասի ազգային գվարդիայի հետ նոր նախաձեռնությունների իրականացման հեռանկարները: Նախանշվել են ԱՄՆ արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) և Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (NASA) հետ համապատասխան ծառայությունների միջև փոխգործակցության հաստատման հնարավորությունները:

Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Հարավային Կովկասում USAID-ի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցության խորացման ուղղությամբ: Գլոբալ պլատֆորմի ավարտվին հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև նախարարական կլոր սեղան աշխատանքային նիստին, որի ընթացքում նախարար Դավիթ Տոնոյանը հանդես է եկել հայտարարությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում