Ծաղկաձորում մեկնարկեց «Եվրասիական տնտեսական միություն-Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարությունների աջակցությամբ, Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կառավարության բարձր հովանու ներքո Ծաղկաձոր քաղաքում մայիսի 27-ին աշխատանքները սկսեց «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բիզնես համաժողովի հիմնական քննարկման թեման է Եվրասիական տնտեսական միության արտահանման ներուժը: Միջոցառման շրջանակներում կանցկացվեն պլենար նիստ, սեկցիոն նիստեր, որտեղ որպես մոդերատոր հանդես կգան ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ, ինչպես նաև կկազմակերպվեն կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ:

Համաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի, Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի գործարարների «Ատամեկեն» ազգային պալատը և «Իվենսենթր» ընկերությունը: Համաժողովին մասնակցում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարարներ, դեսպաններ, պալատների նախագահներ, 300-ից ավելի մասնակիցներ, այդ թվում՝ 100-ից ավել հյուրեր արտերկրից:

Միջոցառման հիմնական նպատակներն են՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպումը, այդ թվում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում, նոր գործարար կապերի բացահայտումը, բիզնես գործունեության շրջանակների ընդլայնումը, կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկումը, այդ թվում՝ ԵԱՏՄ-ից արտահանման ավելացման հարցում համագործակցության վերաբերյալ երկխոսությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում