«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաստատեց այս տարվա դրամահավաքի թեմաները

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հաստատեց այս տարվա դրամահավաքի թեմաները: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հոգաբարձուների խորհրդի 26-րդ նիստի ընթացքում քննարկվել են այս տարվա դրամահավաքի թեմաները, որոնք առաջարկվեցին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի կողմից:

«Թեմաները երկուսն են: Առաջինը խորքային հորերի ջրերի ծրագիրն է, որի շնորհիվ հույս ունենք, որ Արցախում այս պահին չոռոգվող տարածքներում կսկսվի ոռոգման գործընթացը: Այն շատ մեծ ազդեցություն կունենա գյուղատնտեսության զարգացման վրա: Յուրաքանչյուր խորքային հորի հորատման համար պահանջվում է 50 հազար ԱՄՆ դոլար: Այս պահին կա 180-200 այդպիսի հոր: Չեմ կարող ասել, թե առաջին դրամահավաքի արդյունքում կկարողանանք ամբողջությամբ իրականացնել, բայց միանշանակ կընդգծեմ, որ ծրագիրն ընդունվել է ոչ միայն մեկ տարվա համար: Այն կշարունակենք` փնտրելով բարերարների»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Արա Վարդանյանը:

Երկրորդը` արևային էներգիայի օգտագործման ծրագիրն է: Հիմնադրամը նման ծրագիր Հայաստանում իրականացրել է և փորձ ձեռք բերել: Մյուս տարի Արցախում հնարավոր կլինի գրեթե բոլոր գյուղերում սկսել արևային էներգիայի օգտագործման ծրագիրը: Առաջին փուլում կընդգրկվեն դպրոցներն ու համայնքային կենտրոնները, որոնց հոսանքի պահանջը կիրացվի արևային էներգիայով: Արա Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ այս երկու ծրագրերը ունենալու են շարունակական բնույթ, ինչպես շարունակվում են բոլոր այն ծրագրերը, որոնք սկսել են տարիներ առաջ:

«Հիմնադրամի գործունեության 25 տարիների ընթացքում ունեցել ենք 700 հազար նվիրատվություն` 350 մլն ԱՄՆ դոլարի չափով: Թվերը բավական խոսուն են: Գումարների զգալի մաս գոյանում է փոքր նվիրատվություններով: Շատ հպարտ ենք, որ հիմնադրամին սատարում են մեծ քանակով բարերարներ: Համոզված ենք, որ կգա մի օր և մենք կփաստենք, որ մեզ սատարում է ոչ թե 700 հազար, այլ 10 մլն բարերար»,-հավելեց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում