Դավիթ Լոքյանն անձամբ հետևել է ՀՀ մարզերում համապետական շաբաթօրյակի աշխատանքների ընթացքին

«Մաքուր Հայաստան» ծրագրի համապետական շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը մեկնել է Արարատի մարզի Լուսառատ համայնք և Խոր Վիրապի ճարտարապետական հուշահամալիրի տարածք, այնուհետև եղել է Արմավիրի մարզի Ոսկեհատ, Էջմիածին համայնքներում, ինչպես նաև այցելել զոհված հարավսլավացի օդաչուների հիշատակին նվիրված հուշարձանի տարածք, որտեզ մաքրման աշխատանքների ընթացքին հետևելուց բացի, հարգանքի տուրք է մատուցել զոհվածների հիշատակին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Արագածոտնի մարզում Դավիթ Լոքյանը եղել է Աշտարակ քաղաքում, որտեղ ևս ծանոթացել է քաղաքի մաքրման աշխատանքներին: Դավիթ Լոքյանի մարզային շրջայցի վերջին կանգառը Կոտայքն էր: Եղվարդի խճուղիով մեկնել է մարզի Նոր Հաճն և Բյուրեղավան համայնքներ: Շաբաթօրյակի աշխատանքներին հետևելու շրջայցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Դավիթ Լոքյանը բացի վերոնշյալ համայնքներ այցելելուց, բազմաթիվ այլ կանգառներ է ունեցել, զրուցել շաբաթօրյակին մասնակից բնակչության հետ՝ մեծապես կարևորելով «Մաքուր Հայաստանի» գաղափարի շարունակականությունը և շնորհակալություն հայտնել քաղաքացիներին ակտիվ մասնակցության համար:

«Ստեղծված է մի իրավիճակ, որ կարծես մարդիկ ինքնաբուխ ուզում են ազատվել այս պրոբլեմից, որ տարիներով ունեցել ենք: Ինձ ամենաշատը սա է ուրախացնում. մենք ոչինչ չենք ստիպում, մարդիկ ինքնակամ են անում: Փակել 700 և ավել աղբավայր սա նույնիսկ մեզ համար մի փոքր անհավանական էր թվում: Բայց մենք պետք է փակենք 2000 աղբավայր: Եվ մյուս տարի` այս օրը, մենք պիտի երկրում ունենանք շուրջ 120 աղբավայր ավելի քան 2000-ի փոխարեն: Փակել, կոնսերվացնել, հողով ծածկել, որի վրա պիտի աճի կանաչը դառնա բնության համամաս տարածք, սա է մեր խնդիրը: Մեծածավալ աղբարկղերի տրամադրում պիտի իրականացնենք համայնքներում: Պետությունը պետք է որոշակի միջոցներ հատկացնի, դժվար փակվող աղբավայրերը կոնսերվացնելու, աղքատ համայնքներին համապատասխան գույք տրամադրելու համար: Պետք է խրախուսենք աղբահան մեքենաների մուտքը Հայաստան: Մենք արդեն դրա լավ օրինակներն ունենք` Դիլիջան, Ջերմուկ, Թումանյան, Տաթև: Բոլոր համայնքապետերին, երբ ֆիքսում ենք, թե ինչ կուզեն ունենալ տեխնիկայի տեսակետից, առաջին կետով բոլորը նշում են` աղբահան մեքենաներ: Սա պիտի դառնա մեր քաղաքացու ամենօրյա խնդիրը: Այնպես չէ, որ ժողովուրդը չի ուզում սա , պարզապես մի մ ասով մենք պայմանները չենք ապահովել, մի մասով մարդիկ ապրել են ինչպես ապրել են, և ժամանակն է, որ մենք ամեն օր, միասին, ժողովրդի ճնշման տակ, կարողանանք հասնել նրան, որ ունենաք Մաքուր Հայաստան: Չենք ունենա 5 միլիոն տուրիստ, եթե Խոր Վիրապը լինի աղբի մեջ թաղված, ինչպես մեկ ամիս առաջ էր, երբ մարզպետարանը սկսեց այս ծրագիրը»,- ասել է Դավիթ Լոքյանը:

Դավիթ Լոքյանը լրագրողների հետ զրույցում նաև տեղեկացրել է, որ 2016 թվականի ծրագրով ընդունվել է կոշտ կենցաղային թափոնների 2016-35 թթ ռազմավարությունը, որը ֆիքսում է, թե ինչ կարգով պետք է մեր երկրում աղբահանությունը իրականացվի, ինչպիսի աղբավայրեր պետք է լինեն: «Այս տարվա կառավարության ծրագրում ներառված են Լոռիի, Շիրակի և Սյունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների ռազմավարությունը: Մենք համակարգային մոտեցման կողմնակից ենք, ստեղծել օրենսդրություն, ստեղծել ռազմավարական փաստաթուղթ և գնալ այնպիսի ուղիով, որի արդյունքը բոլորի համար տեսանելի կլինի և մնայուն: Պրոցեսը սկսված էր, պարզապես այս ժամանակահատվածում լայն թափ է ստացել, և արդյունք անպայման ունենալու ենք»,-լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Լոքյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում