«Եթե հանցագործություն է եղել, ապա այն կատարած անձը պետք է պատժվի».ՊԵԿ նախագահ

«Եթե հանցագործություն է եղել, ապա այն կատարած անձը պետք է պատժվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով Բավրայի մաքսակետի պետի ձերբակալությանը:

Վերջինս խոսքով՝ ամեն մարդ պետք է հասկանա, որ պետք է աշխատել այսօրվա պահանջներին եւ օրենքին համապատասխան, ու եթե որոշակի պահանջներ խախտվում են, պետք է պատասխանատվության ենթարկվեն:

Ավելի վաղ, Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության եւ առեւտրային կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում մայիսի 25-ին ձերբակալվել են մաքսային միջնորդական /բրոքերական/ ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը եւ ՀՀ ԿԱ ՊԵԿ «Բավրա» մաքսակետի պետը:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահից հարցրեցինք նաև հարկային մարմիներում իրականացվող կրճատումների գործընթացից:

Վերջինս նշեց, որ ոչ միայն հարկայինում, այլև ընդհանուր համակարգում կրճատումներ են լինում:

Դիտարկմանը, թե հաստիքներն ուռճացվա՞ծ էին, կրճատումները դրա՞ համար են լինում՝ Վարդան Հարությունյանն ասաց. «Ուղղակի վաղուց ՊԵԿ-ում կառուցվածքային փոփոխություններ չէին եղել, հիմա որոշել ենք նաև կառուցվածքային փոփոխություններ անել։ Դա կախված չէ նրա հետ, որ նախկինում ուռճացված է եղել` նման բան չկա: Ուղղակի ժամանակի հետ քայլելու խնդիր կա»:

ՊԵԿ նախագահը ընդգծեց նաև, որ կառուցվածքային փոփոխությունները հիմա են իրականացվում, կրճատում, որպես այդպիսին, դեռ չի եղել. «Կան, որ աշխատանքից ազատվել են: Եթե չեմ սխալվում 200-ից ավելի հոգի»:

Մեր դիտակմանը, որ այդքան աշխատակիցներ, փաստորեն, մնում են գործազուրկ, ՊԵԿ նախագահը հարցին հարցով պատասխանեց՝ «Դա լավ է, թե վատ»․ ապա ասաց, որ կառուցվածքային փոփոխություններ պետք է կատարվեն։ Վատ է, որ կդառնան գործազուրկ, իհարկե լավ չի, բայց դա է իրականությունը, այլ ձև մենք չենք կարող այսօրվա պահանջները բավարարել, քանի որ անհրաժեշտ է նաև աշխատավարձներ բարձրացնել։

Շրջանառվորղ լուրերին, թե «ձեր կադրերին եք բերում ՊԵԿ համակարգ», ՊԵԿ նախագահն այսպես պատասխանեց. «Այդ տեղեկությունները չեն հապատասխանում իրականությանը, որովհետև իմ գալուց բոլորը խոսում էին, որ «Գազպրոմի» աշխատողները գալու են ՊԵԿ, բայց նման բան չեղավ, իրականում չկա նման աշխատակից»:

Դիտարկմանը, թե «բացի ձեզանից»՝ Վարդան Հարությունյանը ժպտաց:
Նշենք, որ Վարդան Հարությունյանը մինչեւ ՊԵԿ նախագահ նշանակվելը, եղել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում