Հայաստանը ԵԱՏՄ և երրորդ երկրներ շինանյութի արտահանման մեծ ներուժ ունի

Հայաստանը մեծ ներուժ ունի դեպի ԵԱՏՄ և երրորդ երկրներ շինանյութի արտահանման համար: Այս մասին մայիսի 27-ին «Եվրասիական տնտեսական միություն- Հայաստան համագործակցություն» ամենամյա բիզնես համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը:

«Մեր խնդիրն է հասկանալ, թե շինանյութի ինչ պահանջարկ կա ԵԱՏՄ շուկայում և որտեղ Հայաստանը կարող է մրցունակ լինել՝ հաշվի առնելով մեր լոգիստիկ, տրանսպորտային սահմանափակումները, որը շինանյութի պարագայում լուրջ ազգեցություն կունենա գնի վրա: Պետք է հասկանանք, թե ովքեր են այն հիմնական գնորդները, որ կարող են նպաստել մեր արտադրանքի արտահանմանը դեպի ԵԱՏՄ շուկա: Դրա միջոցով ստեղծելով լրացուցիչ շահույթներ՝ մենք կկարողնանք ավելի մեծ քայլեր իրականացնել դեպի երրորդ երկրների շուկա արտահանելու համար»,- ասաց փոխնախարարը:

Նա նաև նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներն ունեն ներուժ շինանյութը երրորդ երկրներ արտահանելու համար, այդ պատճառով համագործակցությունն անդամ երկրների հետ կարող է կարևոր լինել:

Ըստ Ազիզյանի՝ երրորդ երկրներն արտահանումն ունի հետևյալ սխեման՝ արտահանել ԵԱՏՄ շուկա, դիրքավորվել, աշխատել, շահույթ ստանալ, մրցունակ արտադրանքի թողարկման հնարավորություն ձեռք բերել, օգտագործել այդ գումարները և գնալ դեպի երրորդ երկրների շուկաներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում