Կենսամեխանիկների ստեղծած «GoodWood»-ը. փայտե խաղալիքներ` արտադրված Հայաստանում

Փայտի հետ աշխատելը Սուրեն Սարգսյանի համար հոբբի էր դեռ մանկուց, բայց որ մի օր այդ հոբբին կվերածվեր բիզնեսի, չէր պատկերացնում: Ապագա` կենսամեխանիկի մասնագիտությունը ենթադրում էր, որ նա պետք է զբաղվեր գիտությամբ: Բայց ամեն ինչ փոխվեց, երբ Սուրենն իր գաղափարը հայտնեց կենսամեխանիկայի կանոններին տիրապետելու ցանկությամբ նույն բաժնում և նույն կուրսում հայտնված Էդգար Մարգարյանին:

Այն, որ աշխատանքի հիմքում պետք է լիներ փայտը, որոշված էր, բայց թե ինչ պետք է ստանային փայտից, պարզ դարձավ միայն շուկան ուսումնասիրելուց հետո: «Մոտ մեկ շաբաթ փնտրտուքի մեջ էինք: Շեշտը խաղալիքների վրա էինք դրել, բայց չէինք կողմնորոշվում, թե հատկապես ինչ խաղալիքներ կարելի է պատրաստել: Ի վերջո, որոշեցինք սկսել կենդանիներից: Քանի որ մեր արտադրանքը հենց փոքր տարիքի երեխաների համար էր նախատեսված, խաղալիքների օգնությամբ նրանք շրջակա միջավայրը կճանաչեին»,-ասում է Սուրենը:

Չունենալով գործիք, փորձ ու համապատասխան գիտելիք, բայց ունենալով ցանկություն ու ձգտում, Սուրենն ու Էդգարը դրեցին «GoodWood»-ի հիմքերը: Սուրենը հիշում է` սկզբում շատ դժվար էր, քանի որ ամեն ինչ ձեռքով էին անում և, ըստ այդմ, մեկ խաղալիքի վրա ահագին ժամանակ էին ծախսում, իսկ հիմա` միջինը 20-30 րոպե: Հաստոցները բարձրացրել են աշխատանքի արդյունավետությունը և անգամ տոն օրերին, երբ պատվեր շատ են ունենում, հասցնում են: «Հենց տեսնեմ չենք հասցնում, մյուս աշխատանքից դուրս կգամ»,-կատակում է Էդգարը:

Կենդանիներից մինչև զարդատուփեր` նույն սկզբունքով

Ի տարբերություն Սուրենի, ում համար «GoodWood»-ի արհեստանոցը հիմնական ու միակ աշխատավայրն է, Էդգարն ուրիշ աշխատանք էլ ունի, բայց դա նրան չի խանգարում շունչ տալ Սուրենի բոլոր մտահղացումներին: Պարտականությունների բաշխում հատուկ չի արվել, ամեն ինչ ինքնըստինքյան է ստացվել. փոքր տարիքից նկարելու հետ սեր ունեցող Սուրենը սկսեց խաղալիքների դիզայնով զբաղվել. «Գիտե՞ք ինչով է հետաքրքիր այս աշխատանքը, որ միտքդ անընդհատ աշխատում է. մտածում ես, թե ինչ մաս կարելի է ավելացնել, ինչ նոր լուծում տալ: Սա ստեղծագործական աշխատանք է, միշտ պրպտումների մեջ ես, անընդհատ նորություն պետք է մտցնես»,-համոզված է Սուրենը:

Նախկին համակուրսեցու, հիմա արդեն` գործընկերոջ գործը շարունակում և ավարտին է հասցնում Էդգարը: Դիզայնին համապատասխան կտրելն ու վերջնական տեսք տալն էլ նրան է հոգեհարազատ. «8-9 տարեկանից առնչվել եմ արտադրության հետ: Հայրս խառատ է, ու նրա հետ հաճախ էի գնում արհեստանոց: Ինձ դուր էր գալիս կտրելը, կպցնելը, արդյունքում ինչ-որ բան ստանալը: Հիմա հետաքրքիր է փայտի կտորից որևէ պատկեր ստանալու գործընթացը»,-ասում է «GoodWood»-ի տեխնիկական մասն ապահովող Էդգարը:

Ցամաքային ու ջրային կենդանիներ, հայերեն այբուբեն, զարդատուփեր, հուշանվերներ և այլն. սրանք «GoodWood»-ի հիմնական ապրանքատեսակներ են, բայց, ինչպես ապրանքանիշի համահիմնադիրներն են ասում, պատվերի դեպքում ամեն ինչ էլ պատրաստում են:

Երեք տարվա ընթացքում տեսականին ընդլայնվել է` 25-ից հասնելով 40-ի, բայց սկզբունքն անխախտ է մնացել. ամեն ինչ պատրաստվում է բացառապես հաճարենու փայտից: Սուրենը փայտի տեսակի ընտրությունը բացատրում է նրա` լիովին անվնաս լինելով. ոչ խեժ է արտադրում, ոչ էլ հոտ ունի:

«GoodWood»-ի խաղալիքների մեծ մասը չի ներկվում. պատճառը բնությանը հնարավորինս մոտ ու մաքուր լինելը, որպեսզի ծնողները շատ փոքր տարիքի երեխաներին էլ, առանց վախենալու, թույլատրեն խաղալ դրանցով: Այդուհանդերձ, կան որոշ ապարքատեսակներ, որոնք ներկվում են էկոլոգիապես մաքուր ներկերով, օրինակ` այբուբենը:

«GoodWood»-ը ստեղծվեց որպես խաղալիքներ արտադրող ընկերություն, բայց հայտնի դարձավ ոչ միայն դրանցով: Տեղում, ինչպես նաև Ռուսաստանում և եվրոպական մի քանի երկրներում, «GoodWood»-ը սիրում են ոչ միայն փոքրիկները, այլև երիտասարդները` հատկապես սիրահարված երիտասարդները: Դրա մասին լավագույնս վկայում է սիրո տոներին խորհրդանշական հուշանվերների անհամեմատ մեծ պահանջարկը:

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում