ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռի երրորդ արձակումն է իրականացրել երկու շաբաթվա ընթացքում

Հյուսիսային Կորեան տեղական ժամանակով մայիսի 29-ի առավոտյան կատարել է վերջին երկու շաբաթվա ընթացքում բալիստիկ հրթիռի երրորդ արձակումը, նախորդ երկուսը տեղի են ունեցել մայիսի 14-ին եւ 21-ին: 

Արձակումն իրականացվել է ԿԺԴՀ-ի արեւելյան ափի Վոնսան քաղաքի շրջանից: Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց տվյալներով՝ հրթիռի թռիչքը շարունակվել է վեց րոպե, այն անցել է 450 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը՝ Ճապոնիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Սիմանեի պրեֆեկտուրայի Օկի կղզիներից 300 կիլոմետր եւ Նիգատայի պրեֆեկտուրայի Սադո կղզուց 500 կիլոմետր հեռավորության վրա:

Հրթիռի թռիչքի բարձրությունը կազմել է 100 կիլոմետր: Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի զինվորականները կարծում են, որ կատարվել է «Սքադ» տիպի միջին հեռահարության հրթիռի արձակում:

Հերթական արձակմանը Հարավային Կորեայի եւ Ճապոնիայի արձագանքը հետեւել է անհապաղ: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հրավիրել է երկրի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ եւ խոստացել է «ԱՄՆ-ի հետ մեկտեղ ձեռնարկել կոնկրետ քայլեր Հյուսիսային Կորեային զսպելու համար»:

Արտաքին գործերի նախարար Ֆումիո Կիսիդան լրագրողներին հայտնել է, որ Ճապոնիան արդեն սկսել է ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ փոխգործակցությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Նա հավելել է, որ ԿԺԴՀ-ի շուրջն իրադրությունն ինքը կքննարկի ՉԺՀ-ի Պետխորհրդի անդամ, արտաքին գործերի պատասխանատու Յան Ցզեչիի հետ, որը մայիսի 29-ին այցով ժամանում Է Տոկիո:

Հարավային Կորեայի արտգործնախարարությունը դատապարտել է արձակումն, այն որակելով «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի բացահայտ խախտում», եւ խոստացել է «խիստ միջոցներ» ձեռնարկել Հյուսիսի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում