Բավրայի մաքսակետի պետը և մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը կալանավորվել են

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ կաշառք ստանալու, կաշառք տալու, կաշառքի միջնորդության և առևտրային կաշառք ստանալու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն ու մաքսային միջնորդական (բրոքերական) ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրեն Ա. Է.-ն: Այս մասին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Նախապատրաստված նյութերի համաձայն, մի շարք կազմակերպությունների տնօրեններ, աշխատակիցներ և ֆիզիկական անձինք, մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի աշխատակիցների միջնորդությամբ համաձայնության գալով ՊԵԿ մաքսային ծառայության պաշտոնյաների հետ, վերջիններիս անձամբ և միջնորդների միջոցով կաշառք են տվել իրենց օգտին գործողություններ կատարելու` ապրանքները ՀՀ օրենքով սահմանված մաքսային արժեքից ավելի ցածր սակագնով մաքսազերծելու և դրանց արտահանման համար օրենսդրությամբ սահմանված արժեքից ավելի ցածր սակագնով վճարում կատարելու համար:

Այսպես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ Բավրայի մաքսակետի պետ Ե. Մ.-ն կաշառքի դիմաց, ապօրինի` առանց օրինական փաստաթղթերի, խախտելով մաքսային օրենսդրության պահանջները, թույլատրել է ապրանքի արտահանումը: Բացի այդ, քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է նաև, որ ՊԵԿ-ի հիշյալ պաշտոնյան ՀՀ օրենքով սահմանված կարգի խախտմամբ ձեռք է բերել և ապօրինի կերպով պահել ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության 35 մարտական փամփուշտներ:

ՀՀ հատուկ քննչական ծառայության և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ օպերատիվ և քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Բավրայի մաքսակետի պետն ու մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենը 25.05.2017թ.-ին ձերբակալվել են:

Կաշառք ստանալու, ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար Բավրայի մաքսակետի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Իսկ ՊԵԿ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալուն օժանդակելու համար մաքսային միջնորդական ծառայություններ իրականացնող ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հատուկ քննչական ծառայության քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` վերը նշված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Ե. Մ.-ն և Ա. Է.-ն կալանավորվել են:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում