Ժամանակակից հերոսներ, ովքեր վտանգում են սեփական կյանքը. միջազգային ԶԼՄ- ների անդրադարձը «Ավրորա»-ին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ու մայիսի 28-ին տեղի ունեցած մրցանակաբաշխությունը երկրորդ տարին անընդմեջ հայտնվել է միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Աշխարհի տարբեր երկրների ԶԼՄ-ներ գրել են ինչպես տեղի ունեցած մրցանակաբաշխության արդյունքների, այնպես էլ արարողությանը հնչեցված մարդասիրական կոչերի մասին:

Հեղինակավոր Associated Press-ը գրել է, որ «ամերիկացի բժիշկը, ով տարիներ է անցկացրել՝ աշխատելով Սուդանի՝ պատերազմից տուժած շրջանում, իր բացառիկ մարդասիրության համար պարգևատրվել է 1,1 մլն ԱՄՆ դոլար արժեցող «Ավրորա» մրցանակով»:

ABC News-ը մեջբերել է մրցանակաբաշխության ժամանակ տեսաուղերձ հղած օսկարակիր դերասան և հումանիտար գործիչ, մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի համանախագահ Ջորջ Քլունիի խոսքերը, որտեղ նա Սուդանի Նուբա լեռներում աշխատող բժշկին անվանել է «օրինակ մեզ բոլորիս համար»: Լրատվամիջոցը հայտնում է, որ մրցանակը նախատեսում է 100 հազար ԱՄՆ դոլար բժիշկ Թոմ Քաթինայի համար և ևս 1 մլն այն կազմակերպությանը, որին Քաթինան կընտրի:

Հոլիվուդյան դերասանի խոսքերն է մեջբերել Irish Examiner-ը. «Մենք բոլորս դերակատարություն ունենք այս գլոբալ մարտահրավերներում: Բոլորս ունենք պատասխանատվություն՝ մեզանից յուրաքանչյուրն անհատապես: Մենք պետք է գործենք»:

Belfast Telegraph-ը ևս անդրադարձել է Քլունիի ուղերձին՝ նշելով, որ «Ավրորա» մրցանակի թեկնածուները «ժամանակակից հերոսներն են, ովքեր ռիսկի տակ են դրել իրենց կյանքը»:

Իռլանդական Independent-ը նշել է, որ Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, ով ընդգրկված էր ընտրող հանձնաժողովում, կոչ է արել արդարադատություն հաստատել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր մեղավոր են Հարավային Սուդանում մարդու իրավունքների ոտնահարումների համար: «Հարավային Սուդանի տառապանքները պետք է ամաչեցնեն մեզ բոլորիս: Մենք շարունակում ենք մեր համերաշխությունը հայտնել Հարավային Սուդանի ժողովրդին և շարունակելու ենք ճնշում գործադրել՝ հանուն խաղաղության ու արդարության»,- նշել էր նախկին նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում