ՀՀ արտգործնախարարն ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության տարածաշրջանային տնօրենին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 29-ին ընդունեց Միգրացիայի միջազգային կազմակերպության Արևելյան և Հարավ-Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տնօրեն, դեսպան Արգենտինա Սաբադոսին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարևորեց Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը և վստահեցրեց, որ Հայաստանի կառավարությունը շարունակելու է սերտ փոխգործակցությունը կառույցի հետ։

Դեսպան Սաբադոսը ներկայացրեց ՄՄԿ-ի կողմից իրականացվող աշխատանքները և բարձր գնահատեց Հայաստանի իշխանությունների հետ երկու տասնամյակից ավել հաստատված արդյունավետ համագործակցությունը։

Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին միջազգային միգրացիոն հոսքերի կառավարման շուրջ։ Անդրադարձ արվեց Հայաստանում Սիրիայից ժամանած փախստականների խնդիրներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում