Բրյուսելում կայացել է մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը

Բրյուսելում մայիսի 29-ին կայացել է մարդու իրավունքների շուրջ ՀՀ-ԵՄ երկխոսության ութերորդ հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հայկական պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ և ներկայացուցիչներ, գլխավորում էր ար! տգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը: Նիստին հրավիրված էր մասնակցելու նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

ԵՄ պատվիրակությունը գլխավորում էր Եվրոպական Արտաքին Գործողությունների Ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ բաժնի ղեկավար Դիրկ Շուբելը, մասնակցում էին Եվրոպական հանձնաժողովի մի շարք տնօրինությունների ներկայացուցիչներ:

Երկխոսությունը կայացավ բաց և կառուցողական մթնոլորտում: Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրության և մտահոգության մի շարք հարցեր, անդրադարձան Հայաստանում և Եվրոպական միությունում մ! արդու իրավունքների իրավիճակին: Արձանագրվեց Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ու խթանման ուղղությամբ բարեփոխումների գործընթացում ձեռք բերված առաջընթացը:

Քննարկվեցին նաև սահմանադրական բարեփոխումների արդյունքում մի շարք օրենքներում իրականացվելիք փոփոխությունների հարցեր, մարդու իրավունքների պաշտպանության գործողությունների ծրագրի ընթացքը, ընտրական գործընթացներն ու օրենսդրությունը, քաղաքական ազատության, քաղաքացիական ազատություններին և քաղաքացիական հասարակության մասնակցությանն առնչվող հարցեր, խտրականությունների դեմ քաղաքականությունն ու խոցելի խմբերի պաշտպանությունը, ինչպես նաև երեխաների իրավունքների և գենդերային հավասարության իրավիճակը:

Գործընկերներն անդրադարձան նաև միջազգային կազմակերպությունների՝ մասնավորապես ՄԱԿ-ի, ԵԱՀԿ և Եվրոպայի խորհրդի հետ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավորություններին և խնդիրներին:

Կողմերը վերահաստատեցին իրենց հանձնառությունը վերոնշյալ ուղղություններով համագործակցությունը շարունակելու և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքն ու ժողովրդավարությունը պետական, հանրային և միջազգային մակարդակներում խթանելու ուղղությամբ: Հիմք ընդունելով ընդհանուր արժեքները` կողմերն ընդգծեցին Հայաստանում բարեփոխումների հետագա խթանման համար ԵՄ աջակցության կարևոր նշանակությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում