Մշակվում է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման նոր ծրագիրը

ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի զարգացմամբ,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ կառավարությունում «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ առաջին փոխնախագահ Ալեքսանդր Միշարինի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տնօրեն Սերգեյ Վալկոյի հետ հանդիպման ժամանակ։

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի ծառայության հաղորդմամբ՝ գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ենթակառուցվածքների բարելավումը ոչ միայն կնպաստի բեռնափոխադրումների ծավալների, այլ նաև ուղևորափոխադրումների ավելացմանը, հաշվի առնելով նաև զբոսաշրջային հոսքերի շարունակական ավելացումը:
Զրուցակիցներն անդրադարձել են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գործունեությանը, 2016 թվականի արդյունքներին և առաջիկա ծրագրերին:

Ալեքսանդր Միշարինը նշել է, որ հավարատարմագրային կառավարման պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները, այդ թվում՝ ներդրումային ծրագրերի հետ կապված, իրականացվել են, արձանագրվել է ուղևորափոխադրումների 4 և բեռնափոխադրումների 3 տոկոսի աճ:

Նշվել է, որ այժմ մշակվում է «Հարավկովկասյան երկաթուղու» զարգացման նոր ծրագիրը, որով նախատեսվում է մատուցել նաև տրանսպորտալոգիստիկ ծառայություններ, իրականացնել ենթակառուցվածքների բարելավման ներդրումային նախագծեր, զարգացնել մուլտիմոդալ փոխադրումները, Հայաստանում ձևավորել բեռնափոխադրումների տերմինալ և այլն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում