ՍԱՊԾ պատվիրակությունը մասնակցել է ԿԱՀԿ գագաթաժողովին

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Փարիզում ընթացող՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայաության հետ կապերի բաժնից՝ հավելելով.

«ՍԱՊԾ անասնաբուժության ոլորտի մասնագետներն ակտիվորեն մասնակցում են ԿԱՀԿ-ի կողմից կազմակերպվող մասնագիտական աշխատաժողովներին, իսկ Ծառայությունն ամբողջությամբ ինտեգրված է իրազեկման գործող՝ կենդանիների առողջության համաշխարհային տեղեկատվական «WAHIS» համակարգին: Նշենք, որ նախորդ տարեվեջին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց տարածաշրջանային աշխատաժողով՝ ԿԱՀԿ-ի անդամ 39 պետությունների պատվիրակների մասնակցությամբ՝ նվիրված այս տեղեկտատվական համակարգի կիրառմանը:

Գագաթաժողովի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԿԱՀԿ-ի գլխավոր տնօրենի, կազմակերպությանն անդամակցող՝ տարբեր երկրների պատվիրակությունների, ինչպես նաև ԵԱՏՄ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների հետ՝ ձեռք բերելով մի շարք պայմանավորվածություններ և նախանշելով համագործակցության նոր ծրագրեր:

Մասնավորապես, ԿԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Մոնիկա Էլոիտի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության միջև համագործակցության զարգացման հեռանկարները: Ներկայացվել է մեր հանրապետության անասնահամաճարակային իրավիճակը և այն փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել 2017 թվականի ընթացքում, այդ թվում և՝ անցումը սպանդանոցային ծագման մսի ձեռքբերմանը և գյուղատնտեսական կենդանիների համարակալման ներդրմանն ուղղված աշխատանքները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԿԱՀԿ! -ի փորձագետները 2017 թվականին այցելեն Հայաստան` անասնաբուժական ծառայությունների կարողությունների գնահատման (PVS) նպատակով: Հաշվի առնելով Հայաստանում անցկացվող հակահամաճարակային միջոցառումները և գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների կանխարգելման նպատակով հաջողությամբ իրականացվող պատվաստումների պետական ծրագիրը՝ քննարկվել է հանրապետությունում դաբաղի և մանր եղջերավոր կենդանիների ժանտախտի շճահետազոտության պլանը ԿԱՀԿ-ի կողմից կազմելու ու հաստատելու գործընթացն այս տարի սկսելու հնարավորությունը: Այն էականորեն կբարձրացնի անասնաբուժական ծառայությունների որակը և վստահությունը հայկական կենդանական ծագման մթերքների նկատմամբ՝ դրանով իսկ լուրջ խթան հանդիսանալով արտահանման համար:

Հայկական պատվիրակությունը նաև երկկողմ հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակների հետ՝ քննարկելով անասնաբուժական ենթահսկման բեռների ներմուծման ու արտահանման, տարանցիկ փոխադրման, անասնաբուժական պահանջների, ինչպես նաև ուղեկցող փաստաթղթերի հետ կապված հարցեր: Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել այդ գործընթացները նշված երկրների հետ ավելի արդյունավետ և դյուրին դարձնելու վերաբերյալ պայմանավորվածություններ: ԱՄԷ պատվիրակ, Կլիմայի փոփոխության և բնապահպանության նախարարության կենդանիների առողջության և զարգացման վարչության տնօրեն դոկտոր Մաջեդ Ալքասսիմիի հետ քննարկվել են Հայաստանից գյուղատնտեսական կենդանիների և կենդանական ծագման մթերքի արտահանման հնարավորությունները, ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն այդ մասին: Սաուդյան Արաբիայի բնապահպանության, ջրի և գյուղատնտեսության նախարարության ախտորոշիչ անասնաբուժական լաբորատորիաների տնօրեն դոկտոր Մոհամմեդ Ալբլոլի հետ բանակցություններ են վարվել՝ Հայաստանից կենդանիների և կենդանական ծագման մթերքների արտահանման նպատակով. առաջիկայում նախատեսվում է Սաուդյան Արաբիայի մասնագետների այցը Հայաստան: Իրանի Իսլաման Հանրապետության գյուղատնտեսության նախարարության անասնաբուժական կազմակերպության պետ դոկտոր Մեհդի Քալաջիի հետ քննարկվել են արտահանման ընթացիկ հարցեր:

Հանդիպում է տեղի ունեցել նաև Ավստրիայի առողջապահության նախարարության սպառողների առողջության վարչության գլխավոր անասնաբույժ Ուլրիխ Հերզոգի հետ` օրակարգում ունենալով գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման համակարգի ներդրման և այդ գործընթացին Ավստրիական զարգացման գործակալության կողմից հնարավոր աջակցության հարցը:

Գագաթաժողովի շրջանակներում հայկական պատվիրակությունը Եվրասիական տնտեսական միության լիազոր մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է ԵԱՏՄ տարածաշրջանային խնդիրներ՝ անասնաբուժության ոլորտում համագործակցության, համատեղ ուսումնասիրությունների անցկացման, միասնական պահանջների պահպանման, սուր վարակիչ հիվանդությունների վաղ ախտորոշման և կանխարգելման վերաբերյալ:

Գործընկերների հետ քննարկումները՝ կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման և դրանց դեմ պայքարի նոր մոտեցումների մասին, հնարավորություն են տալիս առավել արդյունավետ իրականացնել վերահսկողությունը ոլորտում՝ հետևելով նոր զարգացումներին, նվազագույնի հասցնելով հնարավոր ռիսկերը, միաժամանակ՝ նոր հնարավորություններ ստեղծելով արտահանման համար»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում