«Հայկական ժամանակ». Հիվանդանոցներում չարաշահումներ են արձանագրվել
Նմանատիպ
«Վերահսկիչ պալատի 2016 թվականի տարեկան զեկույցը 6-րդ գումարման Ազգային ժողովի օրակարգում դեռ չի հայտնվել, բայց խորհրդարանի պաշտոնական կայքում հրապարակված է:
Հաշվետվությունը կազմվել է 2017 թ., իսկ ստուգումներն իրականացվել են 2016-ի սկզբից: Սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման գործընթացի օրինականության և արդյունավետության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներն ամենահարուստն են խախտումների բնույթով:
Նշենք, որ վերահսկողությունն իրականացվել է ՎՊ նախկին նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամանակ, իսկ Զաքարյանը հրաժարական տվեց այդ պաշտոնից 2017 թ. փետրվարի 9-ին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ մեծ քաղաքականություն վերադառնալու առնչությամբ, նրա կողքին կանգնելու նպատակով:
2012 թվականից գործող «Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրի շրջանակներում Վերահսկիչ պալատն էական խախտումներ է գտել, ուսումնասիրելով հանրապետության թվով 4 բժշկական հաստատություններ՝ «Արմենիա», «Աստղիկ», «Նաիրի» և «Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն» բժշկական կենտրոնները: Վերահսկողության նպատակն է եղել ստուգել սոցիալական փաթեթի շահառուներին պետական բյուջեից գումարների հատկացման և օգտագործման օրինականության արդյունավետության գործընթացը: Գործընթացն իրականացվել է 2016 թվականի մարտի 1-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:
ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության «Աստղիկ» բժշկական կենտրոնում ՎՊ-ն պարզել է, որ սոցփաթեթի շրջանակներում բուժում ստացող հիվանդների դեպքում 2014-2015 թվականներին հերթագրումներ չեն եղել, իսկ 2016 թվականի առաջին եռամսյակում սպասարկվել են սոցիալական փաթեթի թվով 98 շահառուներ և հերթագրվել են 22-ը: Կազմակերպության կողմից ստուգում իրականացնող հանձնաժողովին չեն ներկայացվել 2014-2015 թվականներին սպասարկված թվով 14 սոցիալական փաթեթի շահառուների պատմագրեր, և 2016 թվականի մինչև հունիսի 22-ը ընկած ժամանակահատվածում սպասարկված թվով 25 պայմանագրեր: Վերահսկիչ պալատը պարզել է, որ «Աստղիկ» ԲԿ-ում առկա են սահմանված ձևի անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության իրավունք ունեցող հիվանդների հերթագրման մատյանները: 2016 թվականի մայիս ամսվա դրությամբ ծրագրի շրջանակներում հերթագրվածների թիվը կազմում է 40, որից սպասարկվել են 22-ը, մնացածը դեռևս պետք է սպասարկվեն: Մինչդեռ 2014 և 2015 թվականներին հերթագրումներ չեն եղել, սպասարկվել են ըստ դիմելիության»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում