Մոսկվայում եւ մարզում մոլեգնած փոթորկից զոհերի թիվը հասել է 14-ի

Մոսկվայում եւ Մերձմոսկվայում նախօրյակին մոլեգնած փոթորկից զոհերի թիվը հասել է14-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն: «Մինչ այժմ պարզվել է, որ մայիսի 29-ին Մոսկվայում եւ Մերձմոսկվայում փոթորկալի քամու հետեւանքով զոհվել է 14 մարդ. 11-ը՝ Մոսկվայում եւ երեքը՝ Մոսկվայի մարզում»,- ասել է նա: Ավելի վաղ Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի ղեկավար Ալեքսեյ Խրիպունը հայտնել է, որ մայիսի 29-ի ցերեկը Մոսկվայում եւ Մոսկվայի մարզում մոլեգնած սաստիկ փոթորիկը 13 մարդու կյանք է խլել, տուժել է գրեթե 170 մարդ: Նրանցից 146-ը հոսպիտալացվել էին, 108-ը մնում են հիվանդանոցներում: «Ընդամենը բուժօգնություն ստանալու համար դիմել է 168 մարդ, 15 հիվանդանոցներ են հասցվել 146 տուժածներ»,- ասել է նա՝ ճշտելով, որ 108 տուժածներ, այդ թվում՝ 22 երեխա, մնում են հիվանդանոցներում: Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սուբյանինը հայտարարել է, որ, վնասի մասշտաբներով, տարերքի հարվածն աննախադեպ է քաղաքի արդի պատմության մեջ: Արդեն երեկոյան օդերեւութաբանները մայրաքաղաքում եղանակային վտանգի մակարդակը բարձրացրել են մինչեւ «նարնջագույն», ինչը նշանակում է տարերային աղետի կրկնվելու հավանականություն:

Ինչպես նշել է Սոբյանինը, նախնական տվյալներով՝ Մոսկվայում փոթորիկը տապալել է 3,5 հազար ծառ: Վնասվել են 140 բազմահարկ բնակելի շենքերի ու վարչական շենքերի տանիքներ, վնասվածքներ են ստացել 1500-ից ավելի ավտոմեքենաներ: Փոթորկի հետեւանքները վերացնում են քաղաքային ծառայությունների 35 հազար աշխատակիցներ, ինչպես նաեւ ավելի քան 4,5 հազար միավոր տեխնիկա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում