ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը վստահեցրեց, որ երեւանյան գրասենյակի փակումը համագործակցության ավարտը չէ

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակումը համագործակցության միայն մի գլխի փակումն է եւ բացումը միասին աշխատելու նոր ճանապարհների: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

«Ես այստեղ եմ, որովհետեւ դժբախտաբար, չկարողացանք կոնսենսուսի հասնել գրասենյակի շարունակական գործունեության հարցում: Այստեղ եմ խոսելու անձնակազմի հետ եւ փակման գործընթացը կազմակերպելու համար: Դժբախտաբար, պետք է Հայաստանի հետ ավարտենք աշխատանքները, սակայն օրակարգում շատ կարեւոր թեմաներ կան: Այսպիսով, մենք պետք տարբեր ձեւաչափեր գտնենք միասին աշխատելու համար եւ վստահեցնենք, որ գրասենյակի փակումը միայն մի գլխի փակումն է: ԵԱՀԿ-ն կշարունակի ընտրություններում աջակցել եւ ներգրավված լինել: Կան կարեւոր ծրագրեր, որոնք վերաբերում են ԵԱՀԿ-ին կամ այլ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությանը, որոնց շարունակելու ենք հետեւել: Ուզում եմ Հայաստանի կառավարությանը շնորհակալություն հայտնել լավ համագործակցության համար եւ ասել, որ շարունակելու ենք աշխատել այլ ուղղություններով»,-վստահեցրեց ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ գրասենյակի փակման գործում Ադրբեջանի կատարած դերին ու այդ պետության ապակառուցողական վարքագծին ԵԱՀԿ-ի կողմից չարձագանքելու մասին հարցին, Զանիերն ասաց. «Ինչպես գիտեք, ԵԱՀԿ-ն կոնսենսուսով է աշխատում եւ «մատ չի թափ տալիս նրա վրա», ով կոնսենսուսը խախտել է, այսինքն՝ ոչ մեկին չի մեղադրում, որ չի միացել կոնսենսուսին կամ որոշմանը, որը կայացվել է: Բայց, իհարկե, ես անձնապես ափսոսում եմ, որ առաքելությունը չի շարունակվելու, եւ կարող եմ ասել, որ պետք է փորձենք գտնել ճանապարհներ շարունակելու այն գործողությունները, որոնք իրականացվել են այստեղ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում