Արցախի Հանրապետության Ազգային ժողովը լիագումար նիստ կգումարի

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը մայիսի 30-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, հերթական նիստի օրակարգը կազմվել է «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ.-ի ծրագրի կատարման մասին 2016թ.-ի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքի, «Արցախի Հանրապետության պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Արցախի Հանրապետության օրենքի և «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի (երկրորդ ընթերցում) նախագծերի ընդգրկմամբ, որոնք մինչ այդ տեղի ունեցած Աժ գլխադասային մշտական հանձնաժողովների նիստերում արժանացել են դրական եզրակացության:

Խոսելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Արցախի Հանրապետության օրենքի նախագծի քննարկումների մասին, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը նշել է, որ այսօր տեղի ունեցած պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ամփոփվել են նախագծի շուրջ ներկայացված 95 առաջարկները, որոնցից մեկ տասնյակից ավելին ընդունվել է հեղինակների կողմից:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքները՝ խորհրդարանի նախագահը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 5-րդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը տեղի կունենա մայիսի 31-ին ժամը 11:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում