Արցախի նախագահը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 1-ին շնորհավորական ուղերձ է հղել Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, ուղերձում ասված է.

«Սիրելի՛ երեխաներ,

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ:

Թող այս օրը եւ ձեր կյանքի մնացած բոլոր օրերը լցված լինեն անսպառ ուրախությամբ ու զիլ ծիծաղով, երգ ու խնդությամբ, ամենաթաքուն երազանքների ու հրաշքների իրականացմամբ:

Մեր նպատակն է անել հնարավորը, որպեսզի ձեր մանկությունն անցնի խաղաղ ու զարգացող հայրենիքում, որպեսզի դուք մեծանաք առողջ ու երջանիկ՝ շրջապատված անսահման ջերմությամբ ու հոգատարությամբ, ստանաք որակյալ ու ժամանակակից կրթություն:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ ձեզ՝ թանկագին փոքրիկներ, ձեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին այս հրաշալի տոնի կապակցությամբ եւ մաղթում բոլորիդ քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ու ամենայն բարիք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում