Եվրամիությունը հորդորել է ԱՄՆ-ին՝ դուրս չգալ կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից

Եվրամիությունը հորդորել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին՝ իր երկիրը դուրս չբերել կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագրից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը գրել է Twitter-ի իր էջում: «Խնդրում եմ, Դոնալդ Թրամփ, մի փոխեք (քաղաքական) կլիման դեպի վատը»,- գրել է Տուսկը, նկատի ունենալով, որ այդ որոշումը կհանգեցնի Բրյուսելի եւ Վաշինգտոնի քաղաքական հարաբերությունների բարդացման: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով Սպիտակ տան աղբյուրի, հայտնել էին, որ Թրամփը որոշում է ընդունել համաձայնագրից երկրի դուրս գալու մասին: Այնուհետեւ պետության ղեկավարն ինքը Twitter-ի իր էջում հայտնել էր, որ մտադիր է հունիսի 1-ին տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին) հայտարարել, թե Միացյալ Նահանգները մնում Է արդյոք այդ փաստաթղթի մասնակից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում