Human Rights Watch-ը կոչ է անում Ադրբեջանին ազատել առևանգված լրագրող Մուխտարլիին

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին անմիջապես ազատ արձակել Թբիլիսիից առևանգված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին և հորդորել Վրաստանի իշխանություններին հետաքննել կատարված միջադեպը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ:

«Մուխտարլին գնացել էր Վրաստան ապահովություն փնտրելու, բայց ինչպես երևում է՝ նա բավականաչափ հեռու չի եղել Ադրբեջանի կառավարության ճանկերից: Վրաստանի կառավարությունը ևս կիսում է նրա ճակատագրի ողջ պատասխանատվությունը և պետք է հստակեցնի իր դերակատարությունը նրա անօրինական կալանավորման ու հետ վերադարձի հարցում»,– նշել է Human Rights Watch-ի Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան:

Նա լրագրողի առևանգումը խարդախ քայլ է անվանել՝ նշելով, որ ոչ ոք չի հավատա, թե Մուխտարլին ինքնակամ է փորձել մուտք գործել Ադրբեջան, որտեղից հետապնդումների համար ստիպված էր եղել հեռանալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում