Զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դին՝ կախված վիճակում

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պայմանագրային զինծառայող, ենթասպա Մ.Խաչատրյանի մահվան հանգամանքները պարզելու համար:

ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, թե այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 15:30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ ՀՀ ՊՆ N զորամասի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում: Դեպքի վայրում հայտնաբերվել է նաեւ նամակ:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ Մ.Խաչատրյանի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում