Մենք ամեն ինչ անելու ենք, որ անհրաժեշտության դեպքում վերջնական հարված տանք. Լ. Մնացականյան

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հարկավոր է լավատես լինել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը վստահեցրել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հաղորդում է «Արմեմնպրես»-ը: Նրա համոզմամբ` այս իրավիճակի լուծումը դրական է լինելու:
«Մեր գործն արդարացի է, մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք պայքարում: Ամեն ինչ մոտիվացված է և հաղթանակը մերն է լինելու: Ադրբեջանը գնալով փորձելու է իրավիճակը լարել, որպեսզի վնասներ հասցնի մեզ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ անհրաժեշտության դեպքում վերջնական հարված տանք»,- ասաց ՊԲ հրամանատարը:
Նա նախորդ տարվա ապրիլից հետո սահմանագծում իրականացված մեծածավալ աշխատանքների մասին է փաստում. ոչ միայն տեսադիտարկող սարքեր են տեղադրվել, այլ նաև ինժեներական կահավորում արվել, բարելավվել են անվտանգության ապահովման և կենցաղային պայմանները:
«Իհարկե, մենք առաջին հերթին տեսադիտարկման համակարգով բացառել ենք կամ նվազագույնի ենք հասցրել մարդու գործոնը սահմանափակ տեսանելիության գոտիներում դիտարկելիս: Այդ առումով ամբողջությամբ վերահսկելի է առաջնային գիծը»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում