Գերմանիայի արտգործնախարարը Ինջիրլիքի ռազմաբազայի հարցով մեկնել է Թուրքիա

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը գերմանացի պատգամավորների կողմից թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա այցելելու թույլտվություն տրամադրելու հարցով մեկնել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deustche Welle-ն:

Նախքան մեկնելը նա խնդրի առնչությամբ պարզաբանումներ է տվել լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ ասելով. «Գերմանացի պատգամավորները գերմանացի զինվորներին ոչ թե մեկ անգամ, այլ միշտ պետք է կարողանան այցելել»: Նա ընդգծել է, որ եթե Թուրքիան թույլ չտա դա անել պատգամավորներին, ապա Գերմանիայի համար այլընտրանք չի մնա, քան իր զինվորներին տեղակայել այլ վայրում:

Գաբրիելն ասել է նաև, որ երկու երկրի միջև հարաբերությունների լարման պատճառ է դարձել նաև Թուրքիայում գերմանացի լրագրողների ձերբակալման փաստը:

Գերմանիայի արտգործնախարարը Թուրքիայի գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի հետ հանդիպելու է հունիսի 5-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում