Առաջնագիծն ամբողջությամբ վերահսկելի է. Լևոն Մնացականյանը լավատեսորեն է տրամադրված արցախյան խնդրի կարգավորման հարցում

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում հարկավոր է լավատես լինել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նրա վստահեցմամբ՝ այս իրավիճակի լուծումը դրական է լինելու:

«Մեր գործն արդարացի է, մենք պետք է հասկանանք, թե ինչի համար ենք պայքարում: Ամեն ինչ մոտիվացված է և հաղթանակը մերն է լինելու: Ադրբեջանը գնալով փորձելու է իրավիճակը լարել, որպեսզի վնասներ հասցնի մեզ: Մենք ամեն ինչ անելու ենք, որ անհրաժեշտության դեպքում վերջնական հարված տանք»,– ասաց ՊԲ հրամանատարը:

Նա նախորդ տարվա ապրիլից հետո սահմանագծում իրականացված մեծածավալ աշխատանքների մասին է փաստում. ոչ միայն տեսադիտարկող սարքեր են տեղադրվել, այլ նաև ինժեներական կահավորում արվել, բարելավվել են անվտանգության ապահովման և կենցաղային պայմանները:

«Իհարկե, մենք առաջին հերթին տեսադիտարկման համակարգով բացառել ենք կամ նվազագույնի ենք հասցրել մարդու գործոնը սահմանափակ տեսանելիության գոտիներում դիտարկելիս: Այդ առումով ամբողջությամբ վերահսկելի է առաջնային գիծը»,– ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում