Կոսիյանչիչը մտահոգություն է հայտնել Վրաստանից ադրբեջանցի լրագրողի առևանգման առնչությամբ

Եվրամիության արտաքին հարաբերությունների հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչը հայտարարություն է արել՝ կապված ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխտարլիին Վրաստանից առևանգելու ու Ադրբեջան տեղափոխելու հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կոսիյանչիչը նշել է, որ Վրաստանում բնակվող Ադրբեջանի քաղաքացիների, այդ թվում և իրավապաշտպանների անօրինական առևանգումը, այնուհետև Ադրբեջանում նրանց ձերբակալումն ու հետապնդումը պահանջում են արագ, մանրամասն ու թափանցիկ հետաքննություն իրականացնել: Նա ողջունել է Վրաստանի իշխանությունների կողմից նման հետաքննության անցկացման մասին հայտարարումը:

«Ադրբեջանի կողմից հիմնարար իրավունքների, այդ թվում և խոսքի ազատության իրացման սահմանափակումների վերանայումը և դրանց հետևանքով բոլոր ներգրավված անձանց ազատ արձակումը հրատապ հարց է՝ համաձայն Ադրբեջանի միջազգային պարտավորությունների: Մենք ակնկալում ենք, որ կապահովվի անհրաժեշտ իրավական գործընթաց, կհարգվեն այն քաղաքացիների քաղաքացիական ու քաղաքական իրավունքները, ովքեր օրինական կերպով բնակվում են այլ երկրներում»,- նշել է Կոսիյանչիչը:

Նա հիշեցրել է, որ համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի՝ «ոչ ոք չպետք է ենթարկվի կամայական ձերբակալության, կալանքի կամ արտաքսման»: ԵՄ հանձնաժողովի խոսնակը հավաստիացրել է, որ Եվրամիությունը շարունակելու է մոտիկից հետևել դեպքի զարգացումներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում