Իրանը երկխոսության կոչ է արել Քաթարին եւ Պարսից ծոցի երկրներին

Իրանը երկխոսության կոչ է անում Քաթարին եւ Պարսից ծոցի երկրներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է «Ֆրանսպրես» գործակալությունը:

«Տարածաշրջանի պետությունների միջեւ տարաձայնությունների, ներառյալ Քաթարի ու նրա երեք հարեւանների միջեւ ներկայիս խնդրի լուծումը հնարավոր է միայն քաղաքական եւ խաղաղ եղանակների եւ կողմերի միջեւ երկխոսության միջոցով»,- գործակալությունը մեջբերում է Իրանի ԱԳ նախարար Բահրամ Հասեմիի խոսքը: Ավելի վաղ Իրանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին, որի խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը, հայտարարել է, որ Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու արաբական երկրների որոշումը չի նպաստում ճգնաժամից Մերձավոր Արեւելքի դուրս գալուն: «Դիվանագիտական հարաբերությունները խզելու եւ սահմանները փակելու դարաշրջանը… ճգնաժամի կարգավորման ուղի չէ… Ինչպես ես ավելի վաղ ասել եմ, ագրեսիան եւ կոռուպցիան կհանգեցնեն միայն անկայունության»,– նշել է Աբութալեբին:

Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները հունիսի 5-ին հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական եւ հյուպատոսական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու եւ արաբական այս երկրների ներքին իրադրության ապակայունացման գործողությունների մեջ: Ավելի ուշ նրանց միացել են նաեւ Եմենը եւ Լիբիան, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում