Համաշխարհային բանկն անփոփոխ է թողել այս տարվա համար տնտեսության աճի կանխատեսումը

Համաշխարհային բանկը (ՀԲ) ընթացիկ տարում համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը հունվարի գնահատականների համեմատությամբ, թողել է նույն 2,7 տոկոսի մակարդակի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է «Գլոբալ տնտեսական հեռանկարներ-2017» զեկույցում:

«ՀԲ-ն կանխատեսում է, որ 2017 թվականին համաշխարհային տնտեսության աճը կամրապնդվի մինչեւ 2,7 տոկոս: Արտադրության եւ առեւտրի ծավալների ավելացումը, շուկայում աճող վստահությունը եւ հումքի գների կայունացումը թույլ կտան վերականգնել տնտեսական աճը հումք արտահանող եւ զարգացող երկրներում»,- նշվում է փաստաթղթում:

Դրա հեղինակները նշում են, որ զարգացած տնտեսությամբ պետությունների աճը, որոնց մեջ մտնում են ԱՄՆ-ը, եվրոգոտու երկրները եւ Ճապոնիան, ինչպես սպասվում է, ընթացիկ տարում կբարձրանա մինչեւ 1,9 տոկոս, ինչը «նաեւ օգուտ կբերի այդ պետությունների առեւտրական գործընկերներին»:

Այսպես, Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում 2017 թվականին տնտեսական աճի արագացում է կանխատեսվում մինչեւ 2,5 տոկոս եւ մինչեւ 2,7 տոկոս՝ 2018 թվականին, ինչին նպաստելու են հումք արտահանող երկրների տնտեսության վերականգնման շարունակումը, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական ռիսկերի եւ ներքաղաքական անորոշությունների նվազումը տարածաշրջանի խոշոր պետություններում»: ՀԲ-ում ընդգծում են, որ աշխարհում ֆինանսավորման պայմանները «նպաստավոր են մնում», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում