Թալիշի վերակառուցման նոր նախագիծն իրականություն է դառնում

Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարականով մշակվել է Թալիշի վերակառուցման խոշոր նախագիծ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝շուտով կսկսվի դպրոցի, մանկապարտեզի, արդեն սկսված է համայնքային կենտրոնի, բուժկետի, նոր տների կառուցման աշխատանքները: Հարությունյանն ընդգծեց, որ այն վերականգնման ծրագիր չէ, այլ նոր Թալիշի կառուցման ծրագիր:

«Թալիշցիների համար բազմաթիվ արտոնություններ են սահմանված, ոչ միայն կրթության առումով, նաեւ բազմաթիվ այլ հարցերում: Առանց փակագծերը բացելու, ինչ խնդիրներ ունենում են, փորձում ենք տեղում լուծում տալ: Իհարկե, կարող է մեկ-երկու դեպք էլ լինի, որ տեղական իշխանության կամ շրջանային իշխանության կողմից չի բարձրացվել կամ մի փոքր հետաձգվել է, սակայն ցանկացած խնդրի, որ բարձրացվում է թալիշցիների կողմից, տեղում փորձում ենք լուծում տալ»,- ասաց ԱՀ վարչապետը: Վարչապետի խոսքով՝ բավարար աշխատանք է տարվում ամբողջ տարածքում ապաստարաններ կառուցելու համար:

Անդրադառնալով դիտրկմանը, թե հնարավո՞ր է արդյոք Ալաշանը ժամանակավորից դառնա հիմնական բնակավայր թալիշեցիների համար, Արայիկ Հարությունյանը նշեց, որ իրենք ճիշտ չեն համարում պատմական Թալիշը թողնելը եւ նոր Թալիշ կառուցելն Ալաշանում, դա ճիշտ չէ: Նրա խոսքով՝ ներկայումս կոնկրետ դիտարկվող եւ չդիտարկվող բոլոր գյուղերն էլ դիտարկվում են, որովհետեւ այսօրվա տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս շատ հեռվից ցանկացած տարածք դիտարկել, մանավանդ զարգացած անօդաչու սարքերի համակարգի պարագայում: ԱՀ վարչապետը վստահեցրեց, որ ադրբեջանական բնակավայրերից տասնյակ, նույնիսկ հարյուրից ավելի բնակավայրեր էլ մենք ենք դիտարկում:

«Սա է մեր ճակատագիրը եւ մենք պետք է հասկանանք, որ այո, կարող են լինել հաճախակի նման սադրանքներ ոչ միայն Թալիշում, Մարտունիում, Մարտակերտում, այլ անգամ Ստեփանակերտում: Սա ճակատագիր է, որը մենք ենք ընտրել, որի համար հպարտ ենք եւ որի համար պատրաստ ենք պայքարել»,-ասաց նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում