Գերմանիայի արտգործնախարարը թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայից հետ քաշվելու ժամկետներ է նշել

Թուրքիա այցելած Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելն այցի արդյունքներով հայտարարել է, որ Ինջիրլիքից հետ քաշվելը մնում է գերմանական կողմի միակ տարբերակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական Diken-ը:

«Հավանաբար առաջիկա շաբաթվա ընթացքում կսկսենք հետ քաշվելու գործընթացը»,– ասել է նա:

Գերմանիայի դաշնային կառավարությունը հունիսի 6-ին կայանալիք նախարարական խորհրդի արդյունքում որոշում կկայացնի իր զինվորներին թուրքական Ինջիրլիքի ռազմաբազայում թողնելու կամ այնտեղից դուրս բերելու մասին:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հունիսի 5-ին Անկարայում Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ այս պահին անհնար է գերմանացի պատգամավորների այցը Ինջիրլիքի ռազմաբազա՝ տեսակցելու այնտեղ ծառայող գերմանացիներին:

Ի պատասխան Չավուշօղլուի հայտարարության՝ Գաբրիելը նշել է, որ իրենց բանակը, ըստ սահմանադրության, պատկանում է Գերմանիայի խորհրդարանին, այդ պատճառով կարևոր է խորհրդարանականների այցը: «Եթե դա հնարավոր չլինի, այդ ժամանակ համաձայն մեր սահմանադրության, մեր բանակը չի կարող այդտեղ մնալ»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում