Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկել է Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ քառօրյա ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ծայրագույն պատրիարք եւ ամենայն հայոց կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ-ի նախագահությամբ քառօրյա աշխատանքը սկսեց Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը:

Ժողովին մասնակցում են 150 պատգամավոր՝ Հայ եկեղեցու թեմակալ առաջնորդներ, առաջնորդական տեղապահներ, Մայր աթոռում եւ Նվիրապետական աթոռներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, Հայրապետական պատվիրակներ, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներ եւ այլն: Ներկա չէր Երուսաղեմի Հայոց պատրիարքը:

Ժողովի մեկնարկին բացման խոսքով հանդես եկավ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Մեր եկեղեցու առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարումը անկարելի էր պատկերացնել առանց եկեղեցական կառույցների սերտ եւ ամուր գործակցության. այս առումով մեծապես կարեւոր էր Նվիրապետական աթոռների, թեմերի եւ եկեղեցական մյուս կառույցների սերտ եւ ջերմ հարաբերությունների խորացումը: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ բարվոք են Մայր աթոռի հարաբերությունները Նվիրապետական աթոռի հետ: Տեւական ժամանակ շարունակում եմ գործել միասնական հանձնախմբերը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հետ: Եղբայրական այդ հարաբերությունների շնորհիվ հնարավոր եղավ գումարել եպիսկոպոսաց միասնական ժողովները, որոնց արդյունքում Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասումը կատարեցինք»,-ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Նա իր խոսքում անդրադարձավ վերջին ամիսներին Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքության շուրջ ստեղծված իրավիճակին՝ հույս հայտնելով, որ պատրիարքարանի նորընտիր տեղապահը նախանձախնդրությամբ կիրականացնի պատրիարքարանի ընթացիկ աշխատանքները եւ ընդունված կարգով եւ կանոնադրությանը համապատասխան կկազմակերպի Պոլսի Հայոց պատրիարքի ընտրությունը:

Ժողովը, որը կտևի հունիսի 6-9-ը, օրակարգում ունի հետեւյալ հարցերը. Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի դիվանի եւ հանձնախմբի ընտրություն, Ազգային-եկեղեցական ժողովի կանոնադրության նախագծի քննարկում, Գերագույն հոգեւոր խորհրդի անդամների ընտրություն, զեկույց թեմերում ուղենշային փաստաթղթի ներդրման գործընթացի մասին, «2018-ը՝ երիտասարդության տարի» ծրագրի ներկայացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում