Լեհաստանի քաղաքներում «Հայկական օրեր» խորագրիը կրող միջոցառումներ են անցկացվել

Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի և Հայ առաքելական եկեղեցուն շնորհված արտոնությունների 650-ամյակի շրջանակներում Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում և Սլուպսկ քաղաքում հունիսի 1-ից 3-ը տեղի ունեցան «Հայկական օրեր» խորագրիը կրող միջոցառումներ, որոնք անցկացվեցին Լեհաստանում ՀՀ դեսպանության հովանու ներքո: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Սլուպսկ քաղաքում անցկացված միջազգային գիտաժողովի բացման պաշտոնական արարողությանը ելույթներով հանդես եկան Պոմորսկե ակադեմիայի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Ալեքսանդր Աստելը, Լեզվաբանության և պատմության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Դանիել Կալինովսկին, Պատմության և քաղաքագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռոբերտ Կուշինիեժը, Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը:

Հունիսի 2-ին Վարշավայի կենտրոնում գտնվող «Նովի Շվիատ մուզիկի» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ միջոցառումների շարք, որոնց բացման պաշտոնական արարողությանը մասնակցեցին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Լեհաստանի Սեյմի պատգամավոր, խորհրդարանի Լեհաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Թադեուշ Վոժնիակը, քաղաքական, մշակութային գործիչներ, հոգևորականներ, լրագրողներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Զեկույցներով հանդես եկան Լուբելսկի Կաթոլիկ համալսարանի պրոֆեսորներ Վլադժիմիերժ Օսադիչը և Միերչիսլավ Ռիբան, Լեհաստանի հայկական հիմնադրամից՝ Մաչեյ Բոհոսևիչն ու Զոֆիա Բոհոսևիչը:

Միջոցառումն ուղեկցվեց հայ համայնքի պատմությանը և ականավոր գործիչներին նվիրված լուսանկարների և ցուցապաստառների ցուցադրությամբ, ինչպես նաև Լեհաստանում գործող հայկական ժողովրդական երգի «Մուսալեռ» համույթի երաժշտական կատարումներով:

Հունիսի 3-ին Վարշավայի կենտրոնում գտնվող Ագրիկոլ այգում տեղի ունեցան մշակութային և մարզական միջոցառումներ, որոնց շրջանակներում բացված առանձին տաղավարների այցելուներին հնարավորություն ընձեռնվեց ծանոթանալ հայկական արտադրանքին, ինչպես նաև մշակույթին և արվեստին: Այցելուների համար կազմակերպվել էր հայկական զարդանախշերի և տառատեսակների նկարչության, ժողովրդական պարերի դասընթացներ, ֆուտբոլի և նարդու առաջնություններ:

Հայ-լեհական ֆուտբոլային խաղի մասնակիցները Լեհաստանում ՀՀ դեսպանության, «Ջուլիայի սկյուռիկներ» բարեգործական հիմնադրամի և Լեհաստանի Հայկական հիմնադրամի կողմից պարգևատրվեցին գավաթներով և մեդալներով:

Համերգային կատարումներով հանդես եկան Լեհաստանում գործող «Հաբիարջան», «Մուսալեռ» էստրադային և ժողովրդական երգի համույթները, Վարշավայի հայկական դպրոցի սաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում